«ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը օգտագործվում է որպես Վրաստանին շանտաժի ենթարկելու գործիք».Կոբախիձե

«Վրաստանը օրակարգից հանում է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների բացումը մինչև 2028թ:ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը օգտագործվում է որպես Վրաստանին շանտաժի ենթարկելու գործիք: Վրաստանի իշխանությունները որոշել են օրակարգից հանել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականը և հրաժարվել կառավարության համար դրամաշնորհներ ստանալ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Այս մասին նա հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարության և քաղխորհրդի անդամների հետ խորհրդարանական մեծամասնության առաջնորդների հանդիպումից հետո։ Մի քանի ժամ առաջ նոր խորհրդարանը վստահություն էր հայտնել Կոբախիձեի գլխավորած նորացված կառավարությանը։
«Այսօր մենք որոշեցինք Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չդնել մինչև 2028 թվականի վերջը: Մենք նաև հրաժարվում ենք Եվրամիության բոլոր բյուջետային դրամաշնորհներից մինչև 2028 թվականի վերջը», — ասել է Կոբախիձեն:

Նրա խոսքով, ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը օգտագործվում է որպես Վրաստանին շանտաժի ենթարկելու գործիք, ինչպես դա եղավ այդ երկրին ԵՄ-ին թեկնածուի կարգավիճակ տալու հարցում։

Միաժամանակ Կոբախիձեն ընդգծել է, որ կտրականապես անընդունելի է Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը որպես ողորմություն համարելը։
«2028 թվականի վերջը այն ժամանակն է, երբ Վրաստանը, տնտեսական տեսակետից, պատշաճ կերպով պատրաստ կլինի 2030 թվականին Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար»,- ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ որոշումը չի նշանակում, որ Վրաստանը վերջ է դնում եվրաինտեգրմանը։

«Մենք չենք դադարում և շարունակում ենք կատարել ասոցացման համաձայնագրի օրակարգով նախատեսված պարտավորությունները և, ինչպես նշվում է, այսօր հաստատված կառավարության ծրագրում, մինչև 2028 թվականը մենք կկատարենք այդ պարտավորությունների ավելի քան 90 տոկոսը», — ասել է Կոբախիձեն։
Նա ընդգծել է, որ Վրաստանը կկատարի 2014 թվականին Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի հիման վրա ստանձնած պարտավորությունները՝ իր հաշվին՝ «առանց Եվրամիության կողմից որևէ ֆինանսական աջակցության»։
«Մենք պատրաստվում ենք անդամակցել Եվրամիությանը ոչ թե մուրացկանությամբ, մեկ ոտքի վրա կանգնելով, այլ արժանավայել մուտք գործելով Եվրամիություն՝ գործող ժողովրդավարական համակարգով և հզոր տնտեսությամբ», — ասել է Կոբախիձեն։