Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանն անցավ Գյումրիում իշխանությունը յուրացնելու գործին: Whathsap-ով գործից հանող եւ facebook-ով պաշտոնների նշանակողը որոշել է, թե Գյումիրում ոնց յուրացնի իշխանությունը: Երեկոյան Փաշինյանը ուղիղ եթեր է մտնում իր ֆեյսբության էջով ու «ավետում», որ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան ընտրություններ: Թե ո՞ր օրենքով, ո՞ր իրավական հիմքով նման որոշման հանգեց, Փաշինյանն ունի իր մեկնությունը.«Սիրելի քաղաքացիներ, բոլոր մասնագետներն ասում են, որ Գյումրիում ստեղծված կառավարման ճգնաժամը հնարավոր չէ հաղթահարել առանց վարչապետի միջամտության: Եվ այդ միջամտությունը կայանալու է հետեւյալում. առաջիկայում ընդունվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում ես պետք է Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեմ, եւ, քննարկելով նաեւ ՔՊ վարչության հետ, եկել եմ այն եզրակացության, որ այդտեղ միանձնյա վարչական որոշմամբ չէ, որ պետք է նշանակում իրականացնեմ: Եւ, այդ նպատակով առաջիկայում Գյումրիում տեղի կունենան նախնական ընտրություն կամ քվեարկություն, որը միջազգայնորեն ընդունված է անվանել փրայմերիզ: Ո՞րն է դրա իմաստը. մեր թեկնածուներին քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է՝ մերժենք: Այստեղ զուտ քաղաքական հայեցողություն է գործելու: Մենք Գյուրիի բնակիչների շրջանում, իհարկե, ոչ բոլորի շրջանում, որոշակի սկզբունքներով, ինչ-որ առումով էլ՝ պատահականության սկզբունքով, կիրականացնենք քվեարկություն, եւ քվեարկության արյունքներով հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որը ,մեծ հավանականությամբ, կլինի նաեւ մեր թեկնածուն Գյումրիի քաղաքապետի կամ ավագանու առաջիկա ընտրություններում: Փրայմերիզը՝ նախնական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 8-ին, 9ին, 10-ին: Այսօր ես ցանկացա այս ամսաթիվը հրապարակել եւ այս որոշման մասին հայտարարել: Հետագա մանարմասների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»:
Փաշինյանի այս լայվի տակ սկսեցին ակտիվանալ իշխանական ֆեյքերն ու ոչ ֆեյքերը: Նրանք շնորհակալության ու գովաբանության խոսքեր շռայլեցին Փաշինյանի հասցեին, փառաբանության ու երախտիքի խոսքեր հղեցին «դուխով ու սիրելի» վարչապետ ջանին: Եվ իրենց խնդրանքն ուղղեցին. որ «հայրենասեր, հալալ կաթնակեր, ազգանվեր, գյումրեցու դարդն ու ցավը իմացող Արտյոմ Թումանյանին» նշանակի քաղաքապետ: Հավանաբար, հենց Արտյոմ Թումանյանն է Գյումրիում Փաշինյանի սրտի քաղաքապետացուն:
