«Խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես եւ իշխանությունը, տոտալ քաղաքական ճգնաժամի մեջ է եւ մաշված».Սուրեն Սուրենյանց

 

Haypress.am-ի զրուցակիցն է  քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը:

—  Դուք, Ձեր կուսակցությունը Սրբազան  պայքարի հենց սկզբից սատարում էիք, պայքարի մեջ էիք: Ինչու՞ հեռացաք, եւ ի՞նչ փուլում է հիմա պայքարը:  Այն թուլացա՞վ, թե՞ մարեց:

— Այո, ես ու իմ կուսակցությունը  սկզբում շատ ուժեղ սատարում էինք Սրբազան պայքարին: Բայց, դրել ենք երկու-երեք խնդիր եւ ասել ենք, որ մեր սատարման մակարդակը պայմանավորված կլինի  այդ խնդիրների լուծմամբ: Ես անդադար, մայիս-հունիս ամիսներից շարունակում եմ կրկնել նույնը, եւ իմ դիրքորոշումը չի փոխվում: Մենք ի սկզբանե  պահանջել ենք, որպեսզի ձեւավորվի քաղաքական հարթակ, երկրորդը՝ ներկայացվի ետնիկոլական Հայաստանի տեսլականը: Եւվ երրորդը՝ շատ հստակ ճանապարհային բազմաշերտ քարտեզ ներկայացվի, թե ինչպես ենք մենք պատկերացնում իշխանափոխությունը: Ցավոք սրտի,  արդեն հունիսի վերջին ինձ համար պարզ էր, որ շարժումը ձախողելու է: Այդտեղ կարող էր դեր ունենալ Բագրատ Սրբազանի քաղաքական անփորձությունը: Որոշակի ուժերի կողմից շարժումը դրվեց ինֆորմացիոն  եւ քաղաքական բլոկադայի մեջ: Բայց, դրանք ենթադրություններ են: Վատն այն է , որ շարժումը ոչ թե մարել է, այլ՝ կատարելապես ձախողվել է: Դրա համար հուլիսի կեսերից  սկսած մեր կուսակցությունը ինստիտուցիոնալ կապը  խզել ենք այդ պայքարի հետ:

— Ընդդիմադիր պատգամավորների՝ մանդատները վայր չդնելը բացասաբար ազդե՞ց դրա վրա: Հիմա նրանց՝ ԱԺ-ում մնալը խանգարու՞մ է, թե՞ օգնում՝ Փաշինյանին հեռացնելուն:

— Հիմա արդեն այդ մասին խոսելը ուշ է: Այն ժամանակ մենք այդ հարցը դնում էինք, մայիս հունիս  ամիսներին, երբ կար ակտիվ փողոց, եւ այդ մանդատների վայր դնելը կարող էր առնվազն ստեղծել շատ լուրջ քաղաքական  ճգնաժամ, որը կստիպեր Փաշինյանին, ինչ-որ լուծումներ գտնել,  օրինակ, արտահերթ ընտրությունների գնալ: Բայց , այդ փուլում դա  չարվեց: Ավելին ասեմ՝ ո՛չ իմպիչմենտի գործընթաց սկսվեց, ո՛չ մանդատները վայր դնելու հարց քննարկվեց: Հիմա  այդ հարցը քննարկելը նույնիսկ անիմաստ է, որովհետեւ, ակնհայտորեն  մտած ենք  ընտրական ցիկլի մեջ եւ այդ մանդատները վայր դնելը հիմա քաղաքական որեւէ արժեք չի ունենալու:

— Ըստ Ձեզ, ինչու՞ չդրեցին: Իրենց քաղաքական առաջնորդները՞ չէին թույլ տալիս, թե՞ իրենք էին ամուր կառչած:

— Գիտե՞ք, մարդիկ կան, ովքեր անկեղծորեն հավատում էին, որ այդ մանդատով  կարող էին ճիշտ պահին փոփոխությունների միտված ինչ-որ խնդիր լուծել: Կան մարդիկ, ովքեր կաշկանդված են, քանի որ քրեական գործերով են անցնում: Եվ,  ընդհանրապես, խորհրդարանական այս  ընդդիմությունը, ինչպես եւ իշխանությունը, տոտալ քաղաքական ճգնաժամի  մեջ է եւ հիմա մաշված է:

— Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ է:
— Ես ավելին կասեի. Հայաստանում քաղաքակրթական ճգնաժամ է, որովհետեւ ւպետականության  հիմնադրույթների շուրջ բացակայում է քաղաքական եւ  հասարակական որեւէ կոնսենսուս: Հայաստանը գտնվում է տոտալ  ճգնաժամի մեջ:

Շարունակելի…

Նաիրա Վանյան