Եվ այսպես, Փաշինյանի բեմադրած հերթական ներկայացումը դեռեւս շարունակվում է. նա նախ՝ սափրվելուց հետո հանդիսավորությամբ դուրս եկավ ինչ-որ սենյակից, հետո ջղային-ջղային խոսեց կառավարության նիստում, բողոքեց, թե՝ համբերության բաժակը լցվել է: Իրեն համեմատեց «քյասիսբի» ռադիոյի հետ, եւ այդ համեմատությունը շատ տեղին էր… Հետո գնաց Իջեւան՝ մատաղ անելու, այնտեղից էլ SMS-ով պաշտոնայներին հորդորեց՝ հրաժարականների դիմումներ գրել: Այդտեղից էլ՝ հայդե՜… Վատիկան: Աննային թողեց Վատիկանում, ինքը վերադարձավ…
Պաշտոնից գոհունակությամբ, շնորհակալանքի, երախտիքի խոսքեր գրելով հեռացան երկրի առանցքային պաշտոնյաները, ովքեր եղել են Փաշինյան Նիկոլի աթոռը պահող հիմնական դերակատարները: Նրանց եւ մյուս պաշտոնյաների «շնորհիվ» է Փաշինյանը մնում «ջրի երեսին»: Կարելի է վստահ լինել, որ իրար վրա փոխադարձ մեծ կոմպրոմատներ ունեն՝ թե՛ պաշտոնից ազատվածները Փաշինյանի վրա, թե՛ Փաշինյանը՝ նրանց վրա: Հետեւաբար, այսպես «փափուկ» հրաժարականները ձեռնտու էր երկու կողմին էլ: Ասել է թե՝ բեմադրված ներկայացումը հարմար էր բոլորին…
Հիմա սպասել, թե պաշտոնից ազատվածներին ովքեր կփոխարինեն, եւ որքան արդյունավետ կլինի նրանց աշխատանքը, անիմաստ սպասումներ են: Նախ՝ Փաշինյան Նիկոլի նշանակած յուրաքանչյուր հաջորդ պաշտոնյան ավելի վատն է, քան՝ նախորդները: Այլեւս չենք զարմանում նրա նշանակումներից: Հիմա էլ կլինի նույնը. այստեղից-այնտեղից հերթական ջահել-ջուհուլներին կգտնի ու կբերի մեր գլխին պաշտոնյա կնշանակի: Որպես կանոն, նրանք կլինեն իր հերթական ուսապարկը, անձեռոցիկը, գուլպայի «թայը»…Բայց, էականը դա չէ: Հարցն այն է, որ անգամ եթե ամենալավ մասնագետներին բերի Փաշինյանը, ո՛չ հասարակության, ո՛չ էլ երկրի համար ուրեւէ դրական փոփոխություն չի լինի, քանի որ նրանց «շեֆը» նորից լինելու է, մնալու է ինքը՝ Փաշինյան Նիկոլը:
Նաիրա Վանյան
