Եվ այսպես, Փաշնյան Նիկոլը հանդիսավորությամբ սափրեց մորուքը, որը պահում էր 2018թ-ից: Սրբիչով սրբվելուց հետո էլ աչքով արեց: Համացանցն ու քաղաքական դաշտը սկսեց մեկնաբանել «պատմական» իրադարձության տակ թաքնված «մեսիջները». ոմանք կանխատեսում էին, թե պատրաստվում է հրաժարական տալ կամ փախչել: Ոմանք, 666-ի գործոնը հաշվի առնելով, նոր աղետ կանխատեսեցին Նիկոլ աղետաբերի ձեռամբ:
Երեկ գիշեր հայտնի դարձավ, որ Փաշինյանը պաշտոնանկ է արել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին։
Այնուհետեւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայնտեց իր հրաժարականի մասին այսպիսի գրառմամբ.«Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից: Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել: Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև են մեկնաբանելու և շատ կեղծ վարկածներ են առաջ քաշելու: Նման փորձ արդեն ունեցել եմ:
Դրա փոխարեն թույլ տվեք անհամեստորեն ասել, որ դատական համակարգը դուրս եմ բերել խայտառակ ճգնաժամից: Ներսի մարդիկ դա հաստատ գիտեն ու երևի կընդունեն (բացառությամբ մի քանիսի ու նրանց մերձավորների, որոնց ցավեցրել եմ հանուն համակարգի վիրահատական բուժման): Նաև տասնյակ ինստիտուցիոնալ հիմքեր եմ դրել, որոնք եթե չապականվեն, ապա դատարան մտնող բոլոր մարդիկ մեկ-երկու տարուց կօգտվեն դրանց արդյունքներից: Դատական համակարգում մեր ներկայիս բոլոր անհաջողությունները միջնաժամկետ կտրվածքով են, քանի որ այսօրեական հանրային արդարացի պահանջները երկու տարում հնարավոր չէր բավարարել, իսկ անարդար սպասելիքները չենք էլ ուզել բավարարել: Որպեսզի հիմնավոր բացատրեմ, թե ինչու և ինչպես բեկվեցին բոլորի դրական ակնկալիքները դատական համակարգից, պետք է հատորներով գրեմ: Հրաժարականի տեքստը շատ քիչ է դրա համար»:
Զավեշտն այստեղ այն է, որ իր ղեկավարած համակարգը Փաշինյանի ձեռքի թաշկինակ դարձրած Անդրեասյանը համարում, է, որ ինքը համակրգը «դուրս է բերել» խայտառակ» ճգնաժամից:
Թվում է, թե երկրում լուրջ գործընթացներ են սկսվում, լուրջ բարեփոխումներ են սպասվում: Ոմանք կմտածեն, թե «խեղճ հարիֆը» վերջապես հասկացել է, թե ովքեր են իրեն խանգարում իր խոստացած երկիրը կառուցելուն, եւ ազատում է նրանց՝ ավելի լավերով փոխարինելու նպատակով: Նախ՝ չմոռանանք, որ Փաշինյանի նշանակած յուրաքանչյուր կադր ավելի վատն է նախորդից: Բայց այս իրավիճակում դա էական չէ:
Ողջ խնդիրը նրանում է, որ Փաշինյանն այլեւս տեսնում է, որ ինքն ու Աննա Հակոբյանն իրենց էժան ներկայացումներով այլեւս չեն կարողանում գրավել մարդկանց ուշադրությունը եւ դառնալ քննարկումների առարկա. այլեւս հեծանվային արշավները հետաքրիր չեն՝ անգամ եթե դրանք Փարիզի կամ Մոսկվայի կենտրոնում են անցկացվում, այլեւս հետաքրքիր չեն «կախիչ-ունիտազ» շոուները, սգո օրը իր ընտանիքի անհոգ վոյաշները: Այդ ամենն արդեն զզվանք առաջացնող շոուներ են: Ուստի Փաշինյանին նոր ու ավելի «հուժկու» ներկայացում ու բեմադրություն է պետք: Նա իր «օգտագործած» ու «կեղտոտած» պաշտոնյաներին կխոխարինի իր այլ ուսապարկերով, թաշկինակներով, գուլպաներով: Սա ընդամենը նոր թատերաշրջանի բացում է…
Նաիրա Վանյան
