
Երեւանի՝ Հակոբ և Լուտովիկա Այնթապլյանների անվան թիվ 87 դպրոցում տեղի ունեցավ ականավոր բժիշկ, ազգային գործիչ եւ բարերար Հակոբ Այնթապլյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում: Միցոցառմանը ներկա էին ոչ միայն դպրոցի ուսուցչական աշխատախումբն ու աշակերտները, այլեւ՝ բարերարի գաղափարական ընկերներ, համակիրներ, երկրպագուներ, մտավորականներ: Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Նարգիզ Զեյնալյանը, ով ներկայացրեց դպրոցի անցած ճանապարհը եւ, թե ինչ դրական փոփոխություններ ու առաջընթաց է գրանցվել դպրոցի պատմության մեջ, երբ այն անվանակոչվել է Այնթապլյան ամուսինների անունով, եւ նրանք իրենց հովանու տակ են վերցրել դպրոցի շատ խնդիրներ:
Աշակերտները մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ ներկայացրին Հակոբ Այնթապլյանի բանաստեղծությունները: Իսկ դպրոցի շրջանավարտ, երգչուհի Լուիզա Երեմյանը, երաժշտության հեղինակ Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ, կատարեց նրա հեղինակային երգերը:

Երգչախումբը կատարեց դոկտոր Այնթապլյանի կողմից Հայաստանի դպրոցներին առաջարկված Ն. Մեզպուրեանի և Տ. Չուխաճեանի «Առ մայրենի լեզու» երգը։
Բարերարն այս անգամ էլ դատարկաձեռն չէր եկել. նա դպրոցի սաներին նվիրեց Գրականության և արվեստի թանգարանի տոմսեր, որպեսզի աշակերտները հնարավորություն ունենան ծանոթանալու մեր ազգի երևելի գործիչների ստեղծագործական կյանքին ու գործունեությանը:





Օրը հագեցած էր անակնկալներով, հաճելի և հուզառատ պահերով։
