է՛լ «չբեր», է՛լ հիվանդոտ, Է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն…կրկեսի վերածված քարոզարշավ…

Աշխարհի գերտերություններից մեկում՝ ԱՄՆ-ում, նախագահական ընտրությունների քարոզարշավ է: Այդ գերտերությունը նպատակ ունի իշխելու աշխարհին, համարվում է դեմոկրատական ու զարգացած երկիր:

Իսկ ի՞նչ է կատարվում  այդ զարգացած երկրում այս օրերին: Հետեւելով նախագահի թեկնածուների քարոզարշավին, տպավորություն ենք ստանում, թե դա քարոզարշավ չէ,  այլ՝ կրկես, «գլադիատորների» լեզվակռիվ՝ առանց կանոնների: Ով ինչ կարողանում է, ասում է, ով ինչքան լեզվամտածողության հնարավորություն ունի, ցեխոտում է մրցակցին:

Քամալա Հարիսը սկսեց հպարտանալ իր քաջառողջությամբ եւ «երեսով տալ» Թրամփի «հիվանդոտությունը», հրապարակավ նրանից բժշկի թուղթ ուզեց: Դե, Թրամփն էլ լեզվի տակ չմնաց ու սկսեց տղամարդուն ոչ վայել   բամբասանք շպրտել կին մրցակցի վրա: Անգամ, հանրության առջեւ ցուցադրեց «տեսարաններ», թե ինչով եւ ինչպես է Հարիսը զբաղվում…Նա կասկածի տակ դրեց Հարիսիի ռասսայական պատկանելությունը եւ ասաց, թե նա վերջին տարիներին «պատահաբար» սեւացավ: Չիկագոյում սեւամորթ լրագրողների ազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված համաժողովի ունկնդիրների մոտ զարմանք առաջացրեց, երբ նա կասկածի տակ դրեց  Հարիսի ռասայական ինքնությունը՝ հարցնելով. «Նա հնդկացի՞ է, թե՞ սևամորթ: Ես նրան վաղուց եմ ճանաչում, անուղղակիորեն, ոչ ուղղակիորեն… և նա միշտ հնդկական ժառանգություն ուներ, և նա միայն քարոզում էր հնդկական ժառանգությունը: Ես չգիտեի, որ նա սևամորթ է, մինչև մի քանի տարի առաջ, երբ նա պատահաբար սևացավ, իսկ հիմա ուզում է, որ իրեն սևամորթ ճանաչեն, ուստի, չգիտեմ՝ նա հնդկացի՞ է, թե՞ սևամորթ է: Տիկին Հարիսը ջամայկացի հոր և հնդիկ մոր դուստրն է, երկուսն էլ ներգաղթել են ԱՄՆ»։ Թրամփն անգամ Հարիսիի անզավակ լինելն սկսեց շահարկել ու նորից շրջանառության մեջ դրեց 2021թ-ին իր թեկնածու Ջեյ Դի Վենսի արած ցնցող ու տխրահռչակ մեկնաբանությունը: Վենսը, այդ ժամանակ խոսելով Fox News-ի հետ, ասել էր, որ տիկին Հարիսը և մյուս դեմոկրատները «անզավակ կատու տիկնայք էին… թշվառ իրենց կյանքից և իրենց կատարած ընտրություններից: Դեմոկրատների ամբողջ ապագան վերահսկում են երեխաներ չունեցող մարդիկ», — ասել էր նա, չնայած այն բանին, որ Հարիսը ծնող է երկու խորթ զավակների՝ Էլլայի և Քոուլի, ամուսնու՝ Դագ Էմհոֆի հետ: 

Իսկ Հարիսիի հետ բանավեճում Թրամփը հայտարարել է.«Սփրինգֆիլդում նրանք ուտում են շներին, մարդկանց, ովքեր ներս էին մտել, նրանք ուտում են կատուներին… Նրանք ուտում են… նրանք ուտում են… այնտեղ ապրող մարդկանց ընտանի կենդանիներ: Եվ սա այն է, ինչ կատարվում է մեր երկրում, և դա ամոթ է»:

Զարմանլիորեն, այս ամենը կատարվում է մի գերտերությունում, որը սիրում է դասեր տալ փոքր երկրներին՝ թե ինչպես ապրել, ինչպես ընտրել, ինչպես զարգանալ, ինչպես «ճիշտ պահել»: ԱՄՆ-ում նախագահի թեկնածուների թիվը խիստ սահմանափակ է, այն էլ՝ նման մարդկանցով: Իսկ դա  շարքային ընտրողներին դրել է դժվարին ընտրության եւ կացության մեջ…

Նաիրա Վանյան