Ցուցահանդես՝ նվիրված Երվանդ Քոչարի 125-ամյակին

Երվանդ Քոչարի 125-ամյակի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահի, Երվանդ Քոչարի թանգարանի և Քոչար ընտանիքի համագործակցությամբ բացվել է «Երվանդ Քոչար-125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը: Բացման արարողությանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է. «Պետությունը չափազանց կարևորում է անվանի գործիչների արժանի մեծարումն ու հանրահռչակումը: Եվ այս համատեքստում Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը պատշաճ նշելու նպատակով վարչապետի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով, որը հաստատել է 11 միջոցառումների առաջարկներ: Դրանց իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 167 մլն դրամ: Ընտրված միջոցառումները բազմաբնույթ են և նպաստելու են Երվանդ Քոչարի արվեստի արժևորմանը, հանրայնացմանը ու միջազգայնացմանը, խթանելու են վարպետի ստեղծագործական առանձնահատկությունների ուսումնասիրություններին և ապահովելու են այդ ժառանգությանը ավելի լայն զանգվածների հասանելիությունը»:

Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրել է, որ այս տարվա նոյեմբերի 27-ին Պոմպիդու կենտրոնում նախատեսված է Սերգեյ Փարաջանովին և Երվանդ Քոչարին նվիրված ցուցադրություն: Ցուցադրվելու են կենտրոնի հավաքածուում գտնվող Երվանդ Քոչարի երկու ստեղծագործություն:

Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի կամզակերպմանն աջակցելու և նախագիծը կյանքի կոչելու համար. «Երվանդ Քոչարը խիզախող արվեստագետ էր, որի հայացքը մշտապես ժամանակի մարտահրավերներին էր ուղղված. նա փորձում էր գտնել պատասխաններ և առաջադրել նոր հարցադրումներ: Շատ ուրախ եմ, որ աշխարհին հպարտորեն կարող ենք ներկայանալ այս մեծ արվեստագետի ժառանգությամբ»: