Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը գրեթե միաժամանակ խոսել են սահմանազատման գործընթացի մասին։
Փաշինյանն այսօր Ջերմուկում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է այս գործընթացն արագացնելու անհրաժեշտության մասին, իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարը Բաքվում լրագրողներին ասել է, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները շարունակվում են։
«Մենք համոզված ենք, որ սահմանազատման գործընթացը կակտիվացնենք, և սահմանազատման ընթացքում ճշգրիտ սահմանները կարձանագրվեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ Սա երկկողմ գործընթաց է, և խաղաղության ինստիտուցիոնալացման հաջորդ հանգրվանը հենց դա է»,– նշել է Փաշինյանը։
Բայրամովն իր հերթին հիշեցրել է, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն այցելել է Հայաստան, և ստորագրվել են երեք փաստաթղթեր, որոնք սահմանում են հետագա աշխատանքների կանոնակարգը։
«Մինչ այդ Ադրբեջանում հանդիպում էր տեղի ունեցել հայկական կողմի մասնակցությամբ։ Գործընթացը շարունակվում է։ Սահմանազատումն ու սահմանագծումը շատ մասշտաբային գործընթացներ են»,– նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Քանի որ «սահմանազատում» կոչվածը Փաշինյանի քաղաքականության շրջանակում շատերի կողմից ընկալվում է որպես ՀՀ ինքնիշխան տարածքների զիջում, ապա կարելի է վստահ լինել, որ հերթական այս գործընթացը ևս կարող է նոր տարածքային կորուստների հանգեցնել։
Տավուշի հատվածում Հայաստանը արդեն կորցրել է մի շարք դիրքեր ու տարածքներ, մինչդեռ ադրբեջանական կողմը շարունակում է մնալ, օրինակ, Բերքաբերի բարձունքներում, որոնք հայկական ՀՀ տարածք են։
Դժվար է պատկերացնել, որ Ալիևի պահանջները կատարող Փաշինյանը կհամարձակվի Ադրբեջանից պահանջել դուրս բերել զորքերը Ջերմուկի, Սոթքի և Գորիսի ուղղություններով զբաղեցված տարածքներից։
Հիշեցնենք, որ Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ ավելի քան 60 քառակուսի կիլոմետր մակերեսով։ Ադրբեջանական առաջխաղացում եղել է նաև Սոթքի և Գորիսի ուղղություններով։
Ինչպես տավուշյան զիջումների ժամանակ, դարձյալ հղում է կատարվում Ալմա-Աթայի հռչակագրին, որը սահմանազատման գործընթացի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հստակեցման հետ ուղղակի որևէ առնչություն չունի։ Վերոնշյալ հռչակագիրը վերաբերում էր ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին խորհրդային հանրապետությունների անկախության ճանաչման ընդհանուր սկզբունքներին և չի պարունակում հայ-ադրբեջանական սահմանի իրավական սահմանագծման մեխանիզմներ։ Սա ևս փաստում է, որ այս սահամանազատումը նորից լինելու է ՀՀ տարածքներից Ադրբեջանին զիջելու մասին…
Նաիրա Վանյան
