ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարության տարիներին հաճախ ենք գրել ՀՀԿ-ական իշխանական համակարգի սխալների ու անընդունելի երևույթների մասին: Այո, դրանք եղել են, և հենց դրանց հետևանքն էր Փաշինյան Նիկոլի իշխանության գալը: Բայց այսօր «նախկինների» սխալները հիշելու ժամանակը չէ…
Ինչպես ասում են՝ մինչև չգա հետինը, չի հիշվի նախկինը: Նիկոլ Փաշինյան երևույթը ոչ միայն Հայոց պատմության, այլև համաշխարհային պատմության մեջ ամենակործանարար ու ամենաաղետաբեր ղեկավարներից մեկն է, ով իր երկիրը հասցրել է կապիտուլյացիայի եզրին: Եվ, որքան էլ ՀՀԿ-ի իշխանության տարիներին եղել են շատ քննադատելի խնդիրներ, դրանք անհամեմատելի են այսօրվա իրականության հետ: Այդ կուսակցությունը պետականակերտման ճանապարհ անցած կուսակցություն է, իր կազմում եղել են ու կան ազգային գործիչներ, պետության ու պետականության հարգը իմացող, ազգային արժեհամակարգ կրող մարդիկ: Նրանց երբեք չենք կասկածել դավաճան լինելու մեջ:
Շաբաթ օրը ՀՀԿ 18-րդ համագումարում ծավալուն ելույթ ունեցավ ՀՀ երրորդ նախագահ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա ելույթը ծայից-ծայր պետական գործչի, պետականակերտման ճանապարհ անցած, պատերազմներ ու խաղաղության տեսած, ուժեղ գործչի ելույթ էր, ով չխուսափեց խոսել նաև սխալներից. «Մենք այստեղ ենք ոչ նրա համար, որ ծափահարենք և գովաբանենք իրար, դա չափազանց անլուրջ և անպատասխանատու կլիներ: Մենք չպետք է վարանենք և պարտավոր ենք խոսել մեր սխալների ու ձախողումների մասին: Եվ սա առաջին նման դեպքը չէ: Մեր կուսակցության օրինակով կարող ենք ասել, որ սխալների վերլուծությունը ոչ թե թուլացնում է, այլ զորացնում: Որովհետև քաղաքական ուժը, որը չի կարողանում ընդունել իր անցյալը, չի կարող կառուցել ապագա: Դա մեզ անկաշկանդ առաջ նայելու, սխալներից դասեր քաղելու, իրատեսորեն գործելու հնարավորություն կտա: Այո, պետք է խոստովանենք, որ ընդդիմադիր ուժերը, որոնց թվում նաև մենք՝ հանրապետականներս, ձախողեցինք լայն ազգային շարժում ստեղծելու գործընթացը, ընդհանուր նպատակի շուրջ ընդդիմադիր ուժերի միավորումը, որը կարող էր կանգնեցնել այս խելագարությունը: Մենք մնացինք մասնատված, կասկածամիտ միմյանց հանդեպ՝ կրելով հին հակասությունների բեռը, մինչդեռ նավը շարունակվում է խորտակվել»:
Շատերիս համար ամենասպասված պահը ՀՀԿ-ի քաղաքական դիրքավորումն էր ընտրություններին ընդառաջ: Սերժ Սարգսյանն իր ծավալուն ելույթում մասնավորապես ասաց.
«Այսօր մեր համագումարում արծարծվելիք կարևոր հարցերից մեկը Հանրապետական կուսակցության դիրքորոշումն է՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ: Ինչպես գիտեք, երեք օր առաջ կուսակցության Գործադիր մարմինը որոշում կայացրեց զերծ մնալ համապետական այդ ընտրություններին մասնակցությունից:
Ես գիտեմ, որ այդ որոշումը մի մասի սրտով չէ: Ես գիտեմ, որ մենք, ճիշտ աշխատանքի դեպքում, կհաղթահարեինք կուսակցության համար անհրաժեշտ չորս տոկոսի շեմը:
Բայց ես գիտեմ նաև մեկ այլ ճշմարտություն, որը վերահաստատում եմ այս ամբիոնից. Մեզ իշխանափոխություն է պետք, մեզ չի հետաքրքրում մի քանի մանդատ ունենալու հեռանկարը: Անցած տարիները ի լրումն վկայում են այս որոշման ճշմարտացիությունը»:
Թե ինչու իր ղեկավարած կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին, Սերժ Սարգսյանը հիմնավորեց այսպես.
«Ա) էլ ավելի չպառակտենք ընդդիմադիր դաշտը.
Բ) Հնարավորություն տանք սեփական խոստումները կյանքի կոչելու բոլոր այն ուժերին, որոնց թվում է, թե իբր իրենց նշած նախկինները խանգարում են իշխանափոխություն անել:
Գ) Քաղաքական դաշտում սեփական «ես»-ը, նեղ կուսակցական շահերը, սեփական քաղաքական հաշվարկները հանուն ընդհանուր հաջողության ստորադասելու օրինակ ծառայենք:
Դ) Եվ վերջապես, այդ որոշումը մեծապես պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մանրակրկիտ արված սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ հանրապետականները և մեր համակիրները, գրեթե առանց բացառության, պատրաստվում են մասնակցել ընտրություններին և քվեարկել միայն ու միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին: Այսինքն՝ մեր ընտրողների ձայները չեն կորչելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերին՝ նպաստելով այս իշխանությունների վերարտադրման կասեցմանը»:
Կյանքով և պայքարով կոփված մեր էգոն, հարգելի´ կուսակիցներ, երբեք չի վերածվել և չի վերածվելու էգոիզմի. Դա անթույլատրելի է.
Այս որոշումը մեզ հեշտ չի տրվել, բայց կասկած չունեմ, որ դրա համար մենք երբեք ու երբեք չենք ամաչելու, ճիշտ հակառակը՝ դառնալու ենք Հայաստանի ժամանակակից քաղաքական պատմության մեջ «կուսակցությանս հետ, բայց ազգիս համար» գաղափարախոսությամբ գործելու լավագույն օրինակ»:
Սակայն այս ընթացքում, սակայն, ՀՀԿ-ն ձեռքերը ծալած չի նստելու և կատարելու է կարևոր գործառույթներ.
«Եվ վստահեցնում եմ ձեզ և մեր ժողովրդին, որ նույնիսկ չմասնակցելով, ավելի ճիշտ՝ ուղղակիորեն չմասնակցելով այս ընտրություններին, Հանրապետականը քաղաքական զարգացումների կիզակետում շարունակելու է մնալ պայքարի առաջամարտիկներից մեկը:….
Եվ ինչպես արդեն ասացի, չմասնակցելը պայքարից հրաժարվել չէ. Նպատակ ունենալով նպաստել այս աղետաբեր ռեժիմին հաղթելու ընդդիմադիր ուժերի միասնական ջանքերին՝ Հանրապետական կուսակցությունը իրական ընդդիմությանը ներկայացնում է հետևյալ առաջարկությունները՝ որպես մոտակա ժամանակահատվածում համատեղ պայքարի գործնական քայլեր:
Առաջին՝ ինչպես գիտեք, մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալու է երկու խոշոր միջոցառում. Նախ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, իսկ հետո՝ Եվրամիություն-Հայաստան առաջին գագաթնաժողովը.
Վերջին տարիները ցույց են տվել, որ եվրոպական բարձրաստիճան ղեկավարները չեն ուզում տեսնել այն իրականությունը, որ գոյություն ունի Հայաստանում՝ գերադասելով իրենց սփոփել մեր երկրում ժողովրդավարության մասին քաղցրահունչ, բայց իրականությունից կիլոմետրերով հեռու հեքիաթներով.
Բռնազավթված Արցախ, էթնիկ զտման ենթարկված արցախահայության խնդիրներ, Արցախում հոշոտվող հոգևոր մշակութային ժառանգություն, Բաքվի բանտերում տառապող գերեվարված, պատանդառված հայեր, քաղաքական բանտարկյալներ, Երևանում անօրինական հարձակումներ և ճնշումներ Հայ Առաքելական եկեղեցու վրա, խոսքի ազատության աննախադեպ սահմանափակումներ, իշխանազավթ քաղաքական ուժի կողմից հրահանգվող ոստիկանական և դատական համակարգեր՝ իրենց հակաօրինական գործողություններով. ահա այն ամենը, ինչ եվրոպացիները գերադասում են չնկատել.
Եվ մենք, որպես փորձառու և պատասխանատու կուսակցություն, առաջարկում ենք մյուս ընդդիմադիր ուժերին, որոնք ըստ ամենայնի զբաղված կլինեն բացառապես իրենց քարոզարշավներով, մեզ վերապահել այդ միջոցառումների օրերին համատեղ, կրկնում եմ՝ համատեղ, ձեռնարկումներ մշակելու և իրականացնելու գործը. Մի քանի տասնյակ բարձրաստիճան պատվիրակությունների օրենքի և եվրոպական քաղաքական մշակույթի շրջանակներում պետք է ներկայացնել ամբողջ իրականությունը Հայաստանի «ժողովրդավարության» մասին:
Այն, ինչ այս ռեժիմը պլանավորել է որպես նախընտրական խնջույք, պետք է և կարող է դառնալ ընտրություններից առաջ մեր երկրի դառը իրականությունը ներկայացնելու առիթ, ճշմարտության պահ. Եվ Հանրապետականը կարող է այս ամենը համակարգել՝ մյուս ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությամբ, եթե, իհարկե, նրանց կհետաքրքրի նման առաջարկը, և եթե նրանք ժամանակ կգտնեն միանալ և միասին զբաղվել նաև համազգային այս խնդիրներով»: Սա շատ կարևոր գործառույթ է, որը իր վրա է վերցրել ՀՀԿ-ն՝ ընտրապայքարի դուրս եկած ուժերին հնարավորություն տալով զբաղվել բացառապես նախընտրական քարոզարշավներով: ՀՀԿ-ի կազմում կան փորձառու գործիչներ, ովքեր գիտեն եվրոպաշտոնյաների հետ երկխոսելու, բացատրելու, լուսաբանելու մեծ փորձառություն:
Ըստ Սերժ Սարգսյանի ելույթի, ՀՀԿ-ն աշխատելու է նաև քաղաքացիների հետ՝ նրանց ընտրատեղամասեր բերելու և մասնակցության բարձր ցուցանիշ ապահովելու համար.
«Երկրորդ՝ շատ է խոսվում այն մասին, որ առաջիկա ընտրություններին ռեժիմին հաղթելու համար հարկավոր է մոտիվացնել մեր քաղաքացիներին, ապահովել մասնակցության բարձր ցուցանիշ:
Մենք հայտարարում ենք, որ Հանրապետական կուսակցության գործունեությունը այս համագումարից սկսած մինչև հունիսի 7-ը ուղղված է լինելու համապետական այդ ընտրություններին մեր հայրենակիցների մասնակցության խթանմանը՝ «Գնա, որ գնան» կարգախոսի ներքո՝ տարաբնույթ ակցիաներով, քարոզչությամբ, տեղեկատվական արշավներով, բնակիչների հետ հանդիպումներով:
Մենք կօգտագործենք ամեն հնարավորություն՝ համոզելու մեր քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր և ընտրել այնպիսի ուժերի, որոնք վերջ կտան Հայաստանի այսօրվա նվաստացմանը, վերջ կտան այս դավադիր, աղետաբեր ռեժիմին»:
ՀՀԿ-ն հանդես է գալիս նաև մի շատ կարևոր նախաձեռնությամբ:
«Երրորդ՝ գաղտնիք չէ, որ այս փուլում իրական ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ բացառում են որևէ համագործակցություն իշխող ռեժիմի հետ:
Բազմիցս մենք համոզվել ենք, և, ավաղ, այստեղ մենք ևս ունենք մեր դառը փորձը վերջին խորհրդարանական ընտրություններից հետո, որ քաղաքական ուժերը կարող են նման հայտարարություններ անել, սակայն միշտ հայտնվում են անհատներ, որոնք դրժում են այդ որոշումը և թուլացնում ընդդիմադիր դաշտը՝ հակվելով իշխող ռեժիմի ճամբարին:
Ուստի, մենք առաջարկում ենք, որ հիմնական ընդդիմադիր ուժերի նմանօրինակ հայտարարություններից բացի, այդ ուժերի նախընտրական ցուցակի առաջին երեք տասնյակում գտնվողները կապիտուլյանտ ռեժիմի հետ չհամագործակցելու, ընդդիմադիր դաշտը չլքելու բարոյական պարտավորություն վերցնեն՝ ստորագրելով համապատասխան հուշագիր և փաստացի համադրելով քաղաքական և անձնական դիրքորոշումները»:
ՀՀԿ-ն աշխատանքային ծրագիր ունի նաև իշխանափոխությունից հետո.
«Եվ վերջապես, հայտնի է, որ մեր կուսակցության աշխատանքների մեջ կարևոր է եղել ոչ միայն այս ռեժիմի դեմ պայքարը, այլև իշխանափոխությունից հետո մեր երկիրը ստեղծված իրավիճակից հանելու ծրագիրը:
Գիտեք, որ շաբաթներ շարունակ այդ ծրագրի վրա աշխատել են մեր կուսակցական ընկերներն ու մասնագետները, և մենք կազմել ենք տարբեր ոլորտներում հնարավոր և առաջնահերթ քայլերի, մոտեցումների առաջարկների շտեմարան:
Քանի որ Հանրապետականը չի մասնակցելու առաջիկա ընտրություններին, ուստի այդ շտեմարանը՝ ծրագրային բազմաթիվ դրույթներով, մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած ընդդիմադիր ուժի, ում դա կհետաքրքրի:
Եթե հիշում եք, ընդամենը ամիսներ առաջ, մեր կուսակցության 35-ամյակի ընդլայնված խորհրդի նիստում ընդունված բանաձևում, հրամայական համարելով կապիտուլյանտ իշխանություններից օր առաջ ազատվելը, սահմանել էինք երեք առաջնահերթություն իշխանափոխությունից հետո:
Երկրի ներսում համերաշխության մթնոլորտի ստեղծում՝ որպես ազգային անվտանգության տեսանկյունից կարևորագույն խնդիր, իհարկե, անպատիժ չթողնելով ավանտյուրիստներին և ներկայիս կապիտուլյանտների ռեժիմի աններելի հանցագործությունները:
…. Քաղաքական ուժի դերակատարումը չի սկսվում և ավարտվում ընտրություններով կամ իշխանությամբ. Այն կարող է արդյունավետ գործել նաև իշխանությունից դուրս. Այդ պատճառով որևէ ընտրություն չի կարող սահմանել մեր հետագա գործունեությունը քաղաքական դաշտում:
Մենք շարունակելու ենք մեր ճանապարհը այս նույն համոզմամբ՝ անկախ հանգամանքներից, ամուր հենված մեր արժեքների վրա, պատասխանատվության գիտակցումով ծառայելով ազգին և պետությանը, ինչպես դա անում ենք 35 տարի»:
Սերժ Սարգսյանի այս ելույթը և կայացրած որոշումները պետական գործչի ճիշտ որոշումներ են: Մնում է, որ նախագահն իսկապես ցանկանա և կարողանա ապահովել ներընդդիմադիր դաշտի համերաշխությունը, լռեցնել իր ճամբարի կամ փեսայամետ-բլոգերներ քոչարյանաֆոբերին և թույլ չտա թուլացնել ընդդիմադիր ամենամեծ ուժերից մեկին: Նույնը պետք է անի նաև երկրորդ նախագահ Քոբերտ Քոչարյանը՝ լռեցնելով իր կողմակիցներին և, գոնե ժամանակավորապես, օրակարգից հանի «ով է բերել Նիկոլին» հարցը: Այս դեպքում ներընդդիմադիր կռիվները կմարեն, և ընդդիմադիր ռեսուրսները կօգտագործվեն բացառապես իշխանության դեմ.
Նաիրա Վանյան
