Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 Որքան մոտենում է համապետական ընտրությունների օրը, այնքան թեժանում է հայաստանյան քաղաքական մթնոլորտը։ Թեժ է ոչ միայն իշխանություն-ընդդիմություն «ճակատում», այլև հենց ընդդիմության ներսում։ Ակնհայտ է, որ ընդդիմադիր առաջատար ուժերն են Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը։ Սակայն, Ռոբերտ Քոչարյանի դեմ ուժեղ հակաքարոզչություն է սկսել թե՛ իշխանական ճամբարից, թե՛ ընդդիմադիր որոշ ուժերի կողմից:

Հասկանալի է, թե ինչու է Քոչարյանը թիրախավորված իշխանության կողմից։ Երեք պատերազմ, մեծ պարտություն ու զիջումներ բերած Փաշինյանն ու թիմակիցներն ամեն կերպ փորձում են համոզել ընտրողին, որ Քոչարյանը գալու է և իր հետ բերելու է պատերազմ։ Իհարկե, իշխանականները սրանով չեն սահմանափակվում։ Նրանք երկրորդ նախագահին մեղադրում են շատ տարբեր «մեղքերի» մեջ, որոնք այս տարիների ընթացքում չեն ապացուցվել՝ անգամ Քոչարյանին երկու տարի անազատության մեջ պահելու պայմաններում։

Միայն փաշինյանական իշխանությունը չէ, որ սև քարոզչություն է սկսել երկրորդ նախագահի դեմ։ Այդ քարոզչությանը ակտիվորեն միացել է նաև ընդդիմադիր ուժերից ՀՀԿ-ն՝ իր մեդիա բլոգերներով ու «սազանդարներով»։ Այդ ամենը հիմնականում անում են ոչ այնքան ՀՀԿ-ի հնաբնակները, կուսակցության ակունքներում կանգնածները. նրանք երկրորդ նախագահի մասին արտահայտվում են կոռեկտ, չափի մեջ: Ավելի ագրեսիվ է կուսակցության «միշիկական» թևը,  որի «կոորդինատորը» Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է՝ իր քարոզչական ռեսուրսներով ու բլոգերներով։

                    Քոչարյանը պարտվա՞ծ առաջնորդ

Ինչո՞ւմ են ՀՀԿ-ական և ՀՀԿ-ամերձ բլոգերներն ու տարբեր գործիչները մեղադրում Ռոբերտ Քոչարյանին.

 Նախ՝ նրան մեղադրում են 2021-ին ընտրություններին մասնակցելու մեջ։ Մինչդեռ իրենք նույնպես մասնակցեցին ընտրություններին և մի կերպ անցան խորհրդարան։ Իսկ Քոչարյանի ղեկավարած ընդդիմադիր դաշինքը խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժն է։

Քոչարյանին «չեն ներում», որ նա «պարտվել» է, չի «կռել» Նիկոլին։ Մինասյանականներն ու ՀՀԿ-ամերձ բլոգերները շրջանառության մեջ են դնում «Նիկոլին պարտված Քոչարյանը» արտահայտությունը։ Եվ զավեշտն այն է, որ Քոչարյանին պարտվելու մեջ մեղադրում է այն ուժը, որը 2018-ին ուներ բոլոր լծակները՝ իշխանություն, ԱԱԾ, ոստիկանություն, ՊՊԾ, երկրի անվտանգությունն ապահովելու պարտականություն, սակայն պարտվեց ուսապարկերով Գյումրիից Երևան քայլելով եկած մի քանի երիտասարդների։ Ընդդիմադիր Փաշինյանին պարտված նախկին իշխանության ներկայացուցիչները Քոչարյանին են անվանում Նիկոլին պարտված։ Իհարկե,  2018թ-ին իշխանության «պարտություն» բառը արժե չակերտների մեջ առնել։ Սա այլ թեմա է…

 Հետագայում Միքայել Մինասյանն ու իր թիմը բացահայտեցին, որ Արարատ Միրզոյանը Թուրքիայի գործակալ է, Փաշինյանը՝ ազդեցության գործակալ: Եթե Արարատ Միրզոյանը 2005թ-ից Թուրքիայի գործակալ է, ինչպես հայտարարել է  նախկին գլխավոր փեսան, ապա ինչո՞վ էր զբաղված ՀՀԿ-ի՝ Միքայել Մինասյանի «ղեկավարած» երկրի ԱԱԾ-ն, որ այդ «գործակալական խումբը» Հայաստանում մտավ խորհրդարան՝ ԵԼՔ դաշինքով, հետո քայլելով եկավ և իշխանություն ստացավ՝ նաև ՀՀԿ-ականների քվեարկությամբ։ Միքայել Մինասյանի ազդեցության տակ գործող համակարգը պարտավոր էր կանխել այդ ամենը։ Բայց չկանխեցին, պարտվեցին։ Իսկ դրա հետևանքները եղան շատ դաժան։ Հիմա ո՞վ է Նիկոլին պարտվածը՝ Քոչարյա՞նը, թե՞ Միքայել Մինասյանը։ Հիշեցնենք, որ երկրորդ նախագահը երբեք որևէ դրսի կամ ներսի ուժերի չի պարտվել։

Ինչ վերաբերում է 2021-ի ընտրություններին, ապա պետք է հաշվի առնել մի շարք գործոններ. նոր ավարտված դաժան պատերազմը՝ իր բոլոր հոգեբանական հետևանքներով, Փաշինյանի դեռևս բարձր վարկանիշը և ստերի աշխատունակությունը։ Փաշինյանը դեռ մինչև վերջ չէր բացահայտել իր իրական դեմքը, դեռ Արցախն ամբողջությամբ չէր հանձնել և խոստանում էր պահել։

    «Գորշ կարդինալի» փորձառությունը

Հիմա շատերը կհարցնեն՝ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Միքայել Մինասյանը։ Պատասխան՝ շատ ուղիղ կապ, քանի որ Քոչարյանի դեմ սև արշավը կոորդինացնում է հենց ինքը՝ կուլիսներում։ Իսկ կուլիսներում գործելու փորձառություն Մինասյանն ունի։

Միքայել Մինասյանը՝ նախկին «առաջին» փեսա Միշիկը, լուրջ ֆիգուր էր ՀՀԿ-ի իշխանության տարիներին։ Նրա խոսքն ու որոշումը ազդեցիկ էին։ Շատ հարցեր Բաղրամյան 26-ում որոշվում էին հենց Մինասյանի միջոցով։ Օրինակ՝ պատգամավորական մանդատ ստանալու,  այս կամ այն ուժին խորհրդարան մտցնելու «դաբրո» տալու հարցերում նա մեծ դերակատարում ուներ։ Նա «դաբրոն» տալիս էր, և տվյալ ուժի կամ անհատի պատգամավոր դառնալը ապահովված էր։ Այդպես պատգամավոր դարձավ նաև ժամանակին վանաձորյան հասարակությանն անհայտ Էդմոն Մարուքյանը։ Մինասյանի համաձայնությունը կարևոր էր  երկրում պատասխանատու պաշտոններ նշանակելիս:

Մինասյանի այս գերիշխանությունը դուր չէր գալիս ՀՀԿ-ի հնաբնակներին՝ կուսակցության հիմնադիրներին։

 Մինասյանը գործում էր կուլիսներում։ Նրան չէինք տեսնում հրապարակային միջոցառումներում, ելույթներ չէր ունենում։ Կարծես՝ անտեսանելի մարդ լիներ՝ ամեն տեղ էր, բայց չէր երևում։

Միքայել  Մինասյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ սկած քարոզչական արշավը նույնպես ղեկավարում էր կուլիսներից՝ տիկնիկավարի նման: Մինչև մի օր չհամբերեց ու դուրս եկավ ասպարեզ, մասնավորապես գրելով.

«Ես պարզապես ֆիքսում եմ, որ Քոչարյանի թիմն ու անմեղսունակ խորհրդատուները (չշփոթել պատգամավորների հետ), նիկոլականների հետ ձեռք ձեռքի տված արհեստական օրակարգերով, մանիպուլյացիաներով ու ստերով 2021 թվականից երկիրը շարունակաբար ճակատագրում են նորանոր աղետների:
Ֆիքսում եմ ու անցնում առաջ՝ հետևելով, թե ոնց են նույն երգը երգելով կանգնում հին ու հարազատ փոցխին:
Հեռու խաղացեք»։ Գրառմանը կից Մինասյանը կցեց այս նկարը

 Սրանով տրվեց Քոչարյանի դեմ տարվող ագրեսիվ  քարոզչության մեկնարկը:

Միքայել Մինասյանը լայն հանրության առաջ դուրս եկավ միայն 2020թ.  «Ստի վերջը» խորագրով իր խոհանոցային լայվերով։ Այդ լայվերը անկեղծ էին, սրտացավ ու էմոցիոնալ։ Այդ ժամանակ փլվեց նրա «գորշ կարդինալի» խորհրդավոր կերպարը։ Հենց այդ ժամանակ էլ նա խոստովանեց, որ ժամանակին ֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանի «Հայկական Ժամանակը»։ Գուցե, հետո փոշմանել է այդքան անկեղծանալու համար։

 Քոչարյանին մեղադրում են Նիկոլին իշխանության բերելու և նրան պահելու մեջ։ Այն, ինչում վաղուց շատերը մեղադրում են Սերժ Սարգսյանին, հիմա ուզում են բարդել երկրորդ նախագահի վրա: Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում  այն բացառիկ գործիչներից է, ով երբեք որևէ հարցում չի համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրա թերթը չի ֆինանսավորել, Փաշինյանի ձեռքը չի բռնել։ Քոչարյանի եղբայրը Փաշինյանից նախարարի պաշտոն չի ստացել։

Մինչդեռ Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը, արցախակործան պատերազմից հետո՝ 2022 թվականի դեկտեմբերին, Փաշինյանի կողմից նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։ Այստեղ դժվար է հավատալ այն թեզին, թե երկու եղբայրներն «իրար հետ չունեն»։ Միքայել Մինասյանի եղբայրը շուրջ երկու տարի եղել է Փաշինյանի կառավարության անդամ։ Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի ոչ եղբայրը, ոչ որդին, ոչ էլ ընտանիքի այլ անդամ Փաշինյանի մոտ նախարար չի աշխատել։

  Հ/Գ

Այս ամենով հանդերձ պետք է նշել, որ  Միքայել Մինասյանի՝ Վատիկանում ՀՀ դեսպանի գործունեությունը բավականին արդյունավետ էր։ Նրա նախաձեռնությամբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եռօրյա այց կատարեց Հայաստան՝ այն կոչելով «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր»։ Նա այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա պատարագ մատուցեց Գյումրիում։ Մինասյանի նախաձեռնությամբ Վատիկանի այգիներում հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը։

Մինասյանն իր շուրջն ուներ և ունի կադրային բազա, որոնք հիմնականում պատրաստված և ինտելեկտուալ մարդիկ են։ Սակայն, այդ ռեսուրսը ժամանակին ճիշտ չկիրառվեց, և հիմա էլ այն փոշիացվում է՝ մարդկանց դարձնելով ներընդդիմադիր դաշտի պառակտիչներ ու խառնակիչներ։

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս թիմը ամեն ինչ անում է, որ Փաշինյանն այս ընտրություններում վերընտրվի, որպեսզի իրենք «ճիշտ դուրս գան»։ Այս ընտրություններում ընդդիմության հաղթանակը, կարծես, ՀՀԿ-ական, «միշիկական» ուժերի սրտով չէ։ «Կամ մենք կգանք իշխանության, կամ Նիկոլը կմնա վարչապետ»․ այսպիսի տպավորություն է թողնում քաղաքական այս թևի պահվածքը։

 Ի դեպ, ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանը վերջերս սպառնում էր ընդդիմադիրներին. եթե ՀՀԿ-ում որոշում կայացվի չմասնակցել ընտրություններին, ապա՝ «բռնվե՛ք»։

 ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ