«Խաղաղության աղավնու» փետուրները քամին տարավ. ռազմական հանցագործի հետքերով

Ընտրողին խաբելը՝ համաշխարհային «թրենդ»

Այլևս համոզվեցինք, որ միայն Նիկոլ Փաշինյանը չէ, որ նախընտրական խոստումներով խաբում է ընտրողներին։ Ընտրողին խաբելը դարձել է համաշխարհային «թրենդ»։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը խոստանում էր 24 ժամվա ընթացքում կանգնեցնել ռուս-ուկրաինական պատերազմը, աշխարհին խաղաղություն բերել, որպեսզի էլ մարդիկ չզոհվեն։ Իսկ եղած բոլոր պատերազմների միակ մեղավոր էր համարում իր քաղաքական մրցակից Ջո Բայդենին։ Պատերազմներից հոգնած տարբեր երկրների հասարակությունները ներքուստ ցանկանում էին, որ Թրամփն ընտրվի, պատերազմներն ավարտվեն։

Ինչպես տեսնում ենք, մեկ տարուց ավելի է, ինչ ԱՄՆ նախագահը չի դադարեցրել ռուս-ուկրաինական պատերազմը․ չի կարողացել։ Ի դեպ, պատերազմը կանգնեցնելու դիմաց նա Զելենսկուց պահանջում էր ուկրաինական հատուկ մետաղներով հարուստ հանքերը։

Թրամփը ոչ միայն չդադարեցրեց մոլորակի պատերազմները, այլև լարվածության նոր օջախներ ստեղծեց տարբեր երկրներում։ Մի տեղ երկրի նախագահին ու կնոջը անկողնուց առևանգեց, մի տեղ խորհուրդ է տալիս տվյալ երկրի բնակիչներին՝ գնալ ուրիշ տեղ ապրել, քանի որ իրենց հայրենիքի տարածքն իրեն՝ Թրամփին, պետք է բիզնես ծրագրեր իրականացնելու համար։ Թրամփը քնում-զարթնում է ու որոշում, թե որ երկիրն է հետաքրքիր և ինչպես կարող է խլել այդ երկիրը։ Այո՛, խլել։ Թրամփը երկրագնդի տարբեր պետությունների համար դարձել է համաշխարհային կողոպտիչ, ով գողանում, խլում է երկրներ։

Ալիևի ու Փաշինյանի «խաղաղության» դափնեկիրը

2025 թ.-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նստած Թրամփն իրեն զգում էր խաղաղության աղավնու դերում, հավակնում էր դառնալ խաղաղության Նոբելյան մրցանակակիր։ Այդ ցանկությունը սնում էին երջանկությունից արբած Փաշինյանն ու Ալիևը։ Ալիևի պարագայում հասկանալի է «Խաղաղության խաչմերուկ» կոչվածով ոգևորվելը, քանի որ դա իրեն ու Թուրքիային շահեկան գործարք է։ Անհասկանալի է Հայաստանի իշխանականների ոգևորությունը և ամեն օր ազդարարելը, թե՝ աննախադեպ խաղաղություն ենք բերել՝ Թրամփի «քավորությամբ»…

Խաղաղության աղավնու փետուրները հօդս ցնդեցին

Օրերս Իրանի դեմ սանձազերծված պատերազմը և Մերձավոր Արևելքում ստեղծված պատերազմական արյունահեղությունը վերջնականապես հօդս ցնդեցրին Թրամփի՝ խաղաղության աղավնու փետուրները։ Սա ահաբեկչություն է իրանցի խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Հարձակման ենթարկվեցին իրանական դպրոց, ծննդատուն, սպանվեցին հարյուրավոր անմեղ երեխաներ։ Իսկ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումը համարվում է պատերազմական հանցագործություն…

  Ասա՝ ո՞վ է ընկերդ, ասեմ՝ ով ես դու

Հիշեցնենք, որ 2024 թ.-ին Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ճանաչեց ռազմական հանցագործ՝ մեղադրելով Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ Դատարանը նրան ձերբակալության օրդեր տվեց։ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Թրամփը պատժամիջոցներ սահմանեց Միջազգային քրեական դատարանի անդամների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։ Ֆինանսական և վիզային սահմանափակումներ սահմանվեցին այն անձանց և նրանց ընտանիքների նկատմամբ, որոնք աջակցում են ՄՔԴ-ի կողմից ԱՄՆ քաղաքացիների կամ նրա դաշնակիցների դեմ հետաքննությունների անցկացմանը։ Սա Գազայում ռազմական հանցագործություններ կատարած և անմեղ մարդկանց սպանած Նեթանյահուին սատարելու բացահայտ քայլ էր։

Այսօր արդեն նման մեղքերի մեջ թաթախված է ինքը՝ Թրամփը, ում ձեռքերով սպանված հարյուրավոր անմեղ երեխաներ այս օրերին հանձնվում են հողին…

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ