ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՀԱՐԶԱՆ ՇՈՈՒ՞


 Այսօր պարզ դարձավ, թե ինչ էր ակնարկում Աննա Հակոբյանը՝ ասելով, որ իր և Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունը մոտենում է ավարտին։ Շատերը կարծում էին, թե վերջապես երջանիկ զույգը որոշել է օրինականացնել իր երեսուն տարվա հարաբերությունը՝ ավելորդ խոսակցություններից զերծ մնալու նպատակով։ Սակայն, պարզվեց հակառակը․ օրենքով ու եկեղեցով չօրինականացված այդ «ընտանիքը» այդպես էլ «քանդվում է»։ Աննա Հակոբյանը իրերը հավաքել է ու հեռանում է կառավարական ամառանոցից։ Գնում է ոչ թե հոր տուն, այլ՝ վարձով  ապրելու։

Տիկինն իր տեսագրության մեջ հորդորում է․ «Շատ ժամանակ չծախսել այս հարցը դնել-վերցնելու վրա․ պարապ զբաղմունք կդառնա՝ անօգուտ և անպտուղ»։ Նրա այս կոչը ինքնին հակասական է։ Եթե թեման հրապարակային է արվում, ապա այն դառնում է հանրային քննարկման առարկա։ Իսկ երբ խոսքը վերաբերում է մարդկանց, որոնք ութ տարի որոշումներ են կայացրել երկրի ճակատագրի վերաբերյալ, ապա լռության կոչը հնչում է առնվազն տարօրինակ։  Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը մեր կողքի շքամուտքում ապրող Վագենն ու իր նախկին կին Վարդուշը չեն, որ ասենք՝ եկեք չքննարկենք այդ հարցը, իրենք գիտեն՝ իրենց ընտանիքը։ Այս զույգը համատեղ ութ տարի տնօրինել է մեր ու երկրի կյանքն ու ճակատագիրը և համատեղ ուժերով երկիրը հասցրել կապիտուլյացիայի եզրին։ Հիմա մենք չենք կարող չարձագանքել այդ որոշմանը և չմտահոգվել, թե ինչ նոր աղետ է նախատեղադրված մեզ համար։

                 Զոհի կերպարի փորձը 

Հասարակությանը ներկայացվում է նոր պատկեր՝ միայնակ, առանց թիկնապահների, հնարավոր վիրավորանքների թիրախ դարձած կին։ Քանի որ այս զույգն ու այս իշխանությունը ամեն ինչ իջեցրել են ֆեյքերի մակարդակին, ապա ապահարզանն էլ կարող է ֆեյք լինել։ Աննա Հակոբյանը հեռանալուց առաջ «խոստովանեց», որ իր վատ հագնվելու պատճառը եղել է այն, որ փող չի ունեցել։ Փաստորեն, ըստ նրա խոսքերի, ինքը անհամապատասխան, «վուլգար» հագուստով է ներկայացել պաշտոնական հանդիպումների, իրավիճակին ոչ համապատասխան «դրեսսկոդով» է հանդես եկել, քանի որ միջոցներ չի ունեցել։ Սա ծաղր է ոչ միայն ունկնդրի ու հասարակության, այլև Փաշինյանի համար։ Եթե վարչապետ լինելով հանդերձ նա չի կարողացել պատշաճ հագուստով ու կոշիկով ապահովել իր զուգընկերուհուն, ապա այդ մարդու ղեկավարած պետությունն էլ նույն վիճակում կլինի։

Գնում է վարձով ապրելու, հետը տանում է իր անձնական իրերն ու հիգիենայի պարագաները, մի քիչ գումար ձեռքին, որով պետք է յոլա գնա, մինչև աշխատանք գտնի․ սա էր Աննայի ասածը։ Այս պնդումներից հիմա «սրտեղված» են  իշխանամերձ շատ օլիգարխներ ու գործարարներ…

Հարցեր, որոնց, այնուամենայնիվ, պետք է պատասխան տրվի

Աննա Հակոբյանը խնդրում է հասարակությանը չվիրավորել իրեն, եթե տեսնեն փողոցում միայնակ, առանց թիկնապահների։ Սա բավականին պրովոկացիոն քայլ է։ Աննա Հակոբյանը լավ գիտի, որ հանրության շրջանում ունի բավականին բացասական վարկանիշ՝ նույնիսկ ավելի վատ, քան Փաշինյանը։ Եվ բավական է, որ իրեն տեսնեն փողոցում, կարող են վիրավորել, ընդվզել 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները, տեղահանված արցախցիները, քաղաքական հետապնդումների ենթարկվածների հարազատները և, պարզապես, շարքային քաղաքացիները։ Ուստի, նման քայլը կարող է լրացուցիչ լարվածություն առաջացնել։ Գուցե հենց դա՞ է իր նպատակն։

Աննա Հակոբյանը, որքան էլ «ամուսնալուծվի», մի օր պետք է պատասխան տա բազմաթիվ հարցերի։ Բացի երկրի բյուջեն մսխելու վերաբերյալ հարցերից, կան նաև ավելի ծանր հարցադրումներ։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմի օրերին ինչո՞վ էր զբաղվում ԳՇ բունկերում, ու՞մ և ի՞նչ բարոյական աջակցություն է ցուցաբերել, և այդ աջակցությունն ի՞նչ ազդեցություն է ունեցել Հայաստանի և Արցախի ճակատագրի վրա։ Աննա Հակոբյանը ամենատեղեկացված անձանցից մեկն է Արցախի և Հայաստանի հետ կապված հարցերում։ Այս զույգը պետք է պատասխան տա բազմաթիվ հարցերի՝ անկախ նրանից՝ միասին են ապրում, թե առանձին։

Իրականում ո՞րն է այս «ապահարզան» շոուի նպատակը՝ դժվար է ասել։ Այն կարող է լինել Հայաստանին սպասվող արտաքին քաղաքական մեծ աղետի ազդանշան։ Իսկ աղետից առաջ պետք է լքել խորտակվող նավը, որևէ ձևով հեռանալ։ Հնարավոր է, որ նա նախապես իրեն ազատում է այն պատասխանատվությունից, որի առաջ կարող է կանգնել Փաշինյանն ու իր թիմը։ Չի բացառվում նաև, որ Աննան կդառնա ընդդիմադիր «հալածյալ» և դուրս կգա ընտրապայքարի դաշտ։ Այս տարբերակը, սակայն, քիչ հավանական է։ Թե իրականում որն է այս շոուի նպատակը, պարզ կլինի շուտով։