ՇՂԹԱՅՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ «ՀԵՔԻԱԹՆԵՐԸ» ` ՄԱԿ- Ի ԱՄԲԻՈՆԻՑ

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նիստին և ելույթ ունեցել: Ի թիվ այլ թեմաների, Միրզոյանը խոսել է ոչ ավել, ոչ պակաս՝ Հայաստանի «ժողովրդավարությունից»՝ ներկաներին հավաստիացնելով, թե Հայաստանը ժողորդավարական երկիր է: «Տարիների ընթացքում իրականացված նշանակալի բարեփոխումները, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների վրա հիմնված քաղաքականության առավել բարձր մակարդակը, ինչպես նաև թափանցիկ ու հաշվետու ինստիտուտներն ապահովել են զարգացման շոշափելի արդյունքներ, որոնք արտացոլված են նաև միջազգայնորեն ճանաչված ինդեքսներում։ «Freedom House»-ի «Ազատությունն աշխարհում 2025» զեկույցում Հայաստանը ստացել է 100-ից 54 միավոր՝ բարձր ցուցանիշներ արձանագրելով քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ոլորտներում» ասել է Միրզոյանն իր ելույթում:

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ստելով, ու՞մ է  տգետի ու անտեղյակի տեղ դնում, ներկաների՞ն, թե՞…

Հիշեցնենք, որ Freedom House-ն իր 2025-ի զեկույցում  Հայաստանի նկատմամբ բավականին կոշտ գնահատականներ է հնչեցրել. դատաիրավական համակարգի նկատմամբ քաղաքական ազդեցության, ոստիկանական գործողությունների վերաբերյալ կոշտ գնահատականներ:

Ամփոփելով 2024-ը՝ Freedom House-ը Հայաստանը դարձյալ մասամբ ազատ երկրների շարքին էր դասել՝ հնարավոր 100-ից 54 միավոր հատկացնելով:

Ամենացածր գնահատականներն օրենքի գերակայության վերաբերյալ բաժնում էին և, օրենքների ընտրովի կիրառման մասին էր գրում, շեշտելով, որ քաղաքացիական ու քրեական գործերի պատշաճ քննությունը չի երաշխավորվում, ու արձանագրել՝ նախադատավարական փուլում երկարաժամկետ ազատազրկումները շարունակում են խնդիր մնալ: Զեկույցում նշվում էր, որ դատարանները քաղաքական ազդեցության են տակ են.  «Հաղորդումների համաձայն՝ դատավորներն իրենց վրա ճնշում են զգում, որպեսզի դատախազների հետ աշխատեն ու դատապարտեն մեղադրյալներին, իսկ արդարացումների մակարդակը չափազանց փոքր է»:

Ոստիկանների կողմից քաղաքացիներին բռնության ենթարկելու հրապարակումները նույնպես տեղ են գտել ծավալուն զեկույցում: Տարվա գլխավոր զարգացումների շարքում Freedom House-ն առանձնացնում է Տավուշում սահմանազատումից սկիզբ առած բողոքի ակցիաները՝ հիշեցնելով, որ հունիսին խորհրդարանի առջև տեղի ունեցած ցույցը ոստիկանության հետ բախումներով ուղեկցվեց, ուժայինները հատուկ նռնակներ կիրառեցին, ինչի հետևանքով շուրջ 100 մարդ վիրավորվեց: Իրավապաշտպան կազմակերպությունը ոստիկանության այս գործողություններն աննախադեպ է որակում:

Հայաստանում  քաղաքացին կարիք չունի սպասելու, թե միջազգային այս կամ այն  կառույցը ինչ հայտարարություն կտարածի իր երկրում տիրող իրավիճակի մասին: Նա ինքն իր մաշկի վրա է զգում, թե ինչ երկրում է ապրում:

2025-ի ապրիլին տարածված այս զեկույցից հետո Հայաստանում իրավիճակը վատթարացել է: Կալանավորվել են երկու խոշոր համայնքերի՝ Գյումրիի եւ Մասիսի ընդդիմադիր ղեկավարները, Փարաքարի ընդդիմադիր ղեկավարը սպանվել է:  Իշխանության կողմից ամեն ինչ արվում է՝ Տեղական ինքնակառավարման համակարգը փլուզելու, սեփական ձեռքի գործիքը դարձնելու, շարքային ընտրողի ձայնը խլացնելու և փոշիացնելու համար: Այն համայնքներում, որտեղ դա չի ստացվաում, շինծու գործերով կալանավորվում են Փաշինյանի ընդդիմախոս համայքնապետերը՝ անկախ այն բանից, նրանք հանցանք գործել են, թե ոչ:

Վերոնշյալ զեկույցից հետո իշխանության կողմից բառիս բուն իմաստով հարձակում է գործվել Հայ Առաքելական եկեղեցու դեմ, կալանավորվել են թեմակալ առաջնորդներ, հոգևորականներ:

Հունիսյան ընտրություններին ընդառաջ իշխանությունը ճնշումներ է գործադրում ընդդիմադիր ուժերի նկատմամբ:

Հայաստանում տիրող բռնությունների և ապօրինությունների մասին երկար կարելի է թվարկել:
Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի դահլիճում, երբ լսում էր մարդու իրավունքների մասին ցանկացած հայտարարություն, ավելի ազնիվ կլիներ, եթե ամոթից դուրս գար դահլիճից, դեմքը մի բանով փակեր՝ իրեն չտեսնեին, չնկատեին, մտներ սեղանի տակ, և ոչ թե բարձրանար ամբիոն ու ներկաներին խաբեր, թե՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է: Քանի որ Հայաստանում ժողովրդավորության հոգեհանգիստն ու հուղարկավարումը վաղուց է եղել:

Նաիրա Վանյան