Նա իր վարած արտաքին խառնիճաղանջ քաղաքականությունն արդեն բերում է հստակ ուղու վրա. հակառուսական քայլերն ու հայտարարությունները արդեն միս ու արյուն են ստանում էներգետիկ ու տնտեսական ոլորտներում։
Թուրք-ադրբեջանական տանդեմի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի թելադրանքով նրա վարած արտաքին քաղաքական քայլերով հիացած են քայլիստները, Ալիևը, Թրամփն ու ԵՄ-ն։ Հիացած են, քանի որ ՀՀ-ում վերջապես գտել են այն մարդուն, ով Հայաստանի տարածքում ոտատեղ է բացում իրենց համար, ով Հայաստանի էներգետիկայի «ռուբիլնիկը» տալիս է իրենց ձեռքը և ով պատրաստ է ՌԴ-ին դուրս մղել երկրի տարածքից՝ առանց հաշվի առնելու այդ երկրի ներդրումային ծավալներն ու կարևորությունը Հայաստանում։
Նման քայլերի համար Հայաստանին՝ Փաշինյանին, ԵՄ-ն փող է տալիս, խոստումներ է տալիս, թե Հայաստանը կմտնի ԵՄ, վիզաները կազատականացվեն, լավ կապրեք։ ԱՄՆ-ն էլ ասել է՝ ձեր փողերով կգանք ձեր երկրում մոդուլային ատոմակայանի կառուցման փորձարկումներ կանենք։
Փաշինյանը փետրվարի 13-ին հայտարարեց, որ որևէ երրորդ երկիր, որը ջերմ հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ, պետք է ՌԴ-ից գնի երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը։ Փաշինյանի պատկերացմամբ՝ այդ երկրները կարող են լինել Ղազախստանը, ԱՄԷ-ն, Քաթարը կամ որևէ այլ երկիր (երկրներ)։
ՌԴ-ն մի կերպ մարսեց ՀԷՑ-ի նկատմամբ իշխանության վարած ապօրինի գործողությունները՝ այն պետականացնելու անվան տակ։
Փաշինյանը, հավանաբար, հույս ուներ, որ նման հեշտությամբ կարող է երկաթուղու և Հայաստանի ատոմակայանի հարցերը լուծել և ՌԴ-ին այս ոլորտում փոխարինող բերել ԱՄՆ-ին։
Սակայն ռուսական կողմից հնչող խիստ հայտարարությունները վկայում են, որ ՌԴ-ն չի պատրաստվում կուլ տալ Հայաստանում կատարած իր ներդրումների նկատմամբ նման անպատասխանատու ու վտանգավոր քայլերը։ Փաշինյանին պատասխանեցին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան և Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինել Ռուսաստանին հանրապետության երկաթուղիների կառավարման հարցում, չմշակված որոշում է, որից հետո կառուցված համակարգը կարող է «մեկ օրում փլուզվել»։ Մեկնաբանելով Փաշինյանի այս հայտարարությունը՝ Շոյգուն հայտարարել է, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն արդյունավետ և վաղուց աշխատում է Հայաստանում։
«Վերջերս ես մեկնաբանել էի միջուկային թեմատիկայով ԱՄՆ-ի հետ Հայաստանի համագործակցության ծրագրերի հետ կապված իրավիճակը։ Այսպիսով, արդյո՞ք նման, դիվանագիտական լեզվով ասած, չմշակված որոշումները չեն հանգեցնի նույնպիսի վտանգավոր փորձարկումների, որոնց համար ստիպված կլինեն վճարել Հայաստանի շարքային քաղաքացիները։ Գրեթե երկու տասնամյակի ընթացքում կառուցված համակարգը կարող է պարզապես մեկ օրում փլուզվել։ Դրա համար պատասխանատվություն ոչ մի «բարեկամ երկիր», բնականաբար, չի կրելու։ Հուսով եմ, որ պատասխանատու որոշումներ կայացնելիս Հայաստանի ղեկավարությունը կելնի բացառապես իր քաղաքացիների շահերից», – ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ շուրջ 20 տարի «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ն պատասխանատվությամբ կատարում է կոնցեսիոն պայմանագրի դրույթները, այդ թվում՝ ներդրումներին վերաբերող։ Նրա խոսքով՝ այդ ընթացքում հայկական երկաթուղիների համակարգում, ներառյալ շարժակազմում, ռուսական ներդրումները գնահատվում են ավելի քան 30 մլրդ ռուբլի։
Շոյգուն նշել է, որ վերջին 20 տարվա ընթացքում կոնցեսիոն համաձայնագրի շնորհիվ Հայաստանի բյուջե է վճարվել ավելի քան 15 մլրդ ռուբլի հարկերի տեսքով, ինչպես նաև վերանորոգվել է ավելի քան 520 կմ երկաթգիծ, այն դեպքում, երբ «ՀԿԵ» ՓԲԸ-ի կառավարման տակ գտնվող ցանցի շահագործվող երկարությունը կազմում է շուրջ 700 կմ։
Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առաջընթացը առաջ է մղում ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև Արևմուտքի ու ԱՄՆ-ի շահերը։ Եվ դա լավ է տեսնում պաշտոնական Կրեմլը։ Ռուսաստանը սա դիտարկում է որպես սպառնալիք իր անվտանգությանը։
Մենք գիտենք, որ ՌԴ-ն երբևէ չի նահանջում այնտեղից, որտեղ ներդրումներ է արել, որտեղ ազդեցություն է ունեցել։ Չի նահանջի և իր դիրքերը չի զիջի նաև այստեղ։ Շոյգուի պատասխանը դրա մասին էր։ Սա կարող ենք համարել պաշտոնական Կրեմլից Հայաստանի իշխանություններին ուղղված խիստ նախազգուշացում, որին ականջալուր չլինելու դեպքում դաշնությունը կդիմի համապատասխան քայլերի։ Դրա ձևերը հյուսիսային գերտերությունը լավ գիտի։
Փաշինյանը Հայաստանը մտցրել է աշխարհի հզորների կռիվների մեջ և երկիրը դարձնում է հզորների բախումների կենտրոն՝ Զելենսկու ճանապարհով…
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ
