Փաշինյանը խարխլում է Հայոց պետականության հիմքերը և սահմանադրական կարգը․ ՀԱԿ

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր ապօրինի գործողությունների մեջ ներգրավելով դատական համակարգը և իրավապահ մարմիններն, խարխլում է Հայոց պետականության հիմքերը և սահմանադրական կարգը։ Այս մասին նշված է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ, որով Կոնգրեսը քննադատում է կաթողիկոսի և մյուս հոգևորականների դեմ հարուցված քրեական հետապնդումը, ճնշումներն ու իր անվերապահ աջակցությունը հայտնում Հայ առաքելական եկեղեցուն։
«Պետական հաստատությունները քաղաքացիների իրավունքները պաշտպանելու փոխարեն լծվել են Նիկոլ Փաշինյանի անձնական շահերը սպասարկելու անպատվաբեր գործին․․․ Մենք դիմում ենք միջազգային կառույցներին՝ գնահատական տալու մարդու իրավունքների բնագավառում Հայաստանի ստանձնած պարտավորությունների աղաղակող խախտումների վերաբերյալ»,- նշված է ՀԱԿ հայտարարության մեջ։
Շեշտում են՝ Հայաստանի պատմության մեջ տեղի է ունեցել աղաղակող աննախադեպ սահմանազանցություն, երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով քրեական վարույթ է նախաձեռնվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ և խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։
«Սա բացահայտ ծաղր է արդարադատության, օրինականության և բանականության նկատմամբ։ Դատարանը, անթաքույց ոտնակոխ անելով Սահմանադրությունն ու օրինականությունը, վարույթ է ընդունել և հայցի ապահովման միջոց է ընտրել մի հայցադիմումի վերաբերյալ, որի առարկան գտնվում է Հայ առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ իրավասության ներքո»,- նշված է Կոնգրեսի տարածած հայտարարությունում։
Դրանում նաև մեջբերվում են «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի համապատասխան հոդվածները, որոնք ևս մեկ անգամ վերահաստատում են կատարվող գործընթացների ապօրինի բնույթը։