Ձնագնդի էֆեկտով աճող շարժում, ուժի վերադարձ և իշխանությանը նետված մարտահրավեր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառման ընթացքում հայտարարվեց նաև կուսակցության վարչապետի թեկնածուի անունը՝ Սամվել Կարապետյան։

Մարզահամերգային համալիրը լեփ-լեցուն էր։  Մարդիկ մասնակցում էին կամավոր՝ առանց վարչական լծակների կիրառման և որևէ պարտադրանքի։

Մի քանի ամիս առաջ ձևավորված շարժումն այսօր արդեն ներկայանում է որպես քաղաքական լուրջ գործոն։ Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո, երբ Նարեկ Կարապետյանը նախաձեռնեց շարժման ձևավորումը, հանրային դաշտում շրջանառվում էին կասկածներ, թե այն կարող է լինել կարճաժամկետ նախաձեռնություն կամ քաղաքական առևտրի գործիք։ Սակայն, զարգացումները ցույց տվեցին հակառակը․ շարժումը ոչ միայն չմարեց, այլև ձնագնդի պես ընդլայնվեց՝ հաղթահարելով ճանապարհին առաջացած խոչընդոտները։

Այսօր այն ներկայացնում է հստակ քաղաքական հայտ։ Չի բացառվում, որ ընդդիմադիր ընտրազանգվածի զգալի հատվածը իր ձայնը տա հենց «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։

Շարժման աճող հեղինակության վրա զգալի ազդեցություն ունի Սամվել Կարապետյանի հանրային բարձր վարկանիշը։ Նարեկ Կարապետյանը, չնայած քաղաքական գործունեության համեմատաբար կարճ փորձին, կարճ ժամանակում դրսևորեց քաղաքական հասունացում։

Իր ելույթում նա Փաշինյանի իշխանությանը տվեց հակիրճ, բայց դիպուկ գնահատականներ՝ ընդգծելով այլընտրանքային քաղաքական օրակարգի անհրաժեշտությունը։

Շնորհանդեսի առանցքային ուղերձները հուսադրող և գոտեպնդող էին։ Բանախոսները շեշտեցին՝ Հայաստանը փոքր չէ, Հայաստանը թույլ չէ, Հայաստանը ստեղծված է ուժեղ լինելու համար։

Հնչեցին նաև ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման մասին հայտարարություններ, որոնք հանրությանը փոխանցեցին վստահության և ապագայի հանդեպ հավատքի մթնոլորտ։ Վերջին տարիներին իշխանության կողմից հնչեցրած  պարտվողական հռետորաբանությունից հոգնած հասարակության համար այս ուղերձները ընկալվեցին որպես դրական և ոգևորող ազդակ։

Նաիրա Վանյան