ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԱՇԻՆՔ ԿԿԱԶՄԻ՞ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԻ» ՀԵՏ

Թուրքական և ադրբեջանական մամուլը գրում է, որ Թուրքիայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Իվանովը հետաքրքիր է անվանել Թուրքիայի նախագահի դաշնակից և Ազգայնական շարժում կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի՝ Արևմուտքին հակազդելու համար Անկարայի, Մոսկվայի և Պեկինի միջև դաշինք ստեղծելու գաղափարը։

Բահչելին նախկինում առաջարկել էր ստեղծել Թուրքիայի, Ռուսաստանի և Չինաստանի միջև դաշինք՝ որպես ԱՄՆ-ի և Իսրայելի կազմի մեջ մտնող «չարիքի կոալիցիային» հակակշիռ։ Մինչդեռ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Բահչելիի նախաձեռնությունը, ասել է, որ դեռևս «լիովին ծանոթ չէ» դրան, բայց ցանկանում է, որ «ամեն ինչ լավ լինի»։

Թուրքական «Նեֆես» թերթին տված հարցազրույցում Թուրքիայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Իվանովը նշել է.«Մենք բավականին հետաքրքիր ենք համարել Դ. Բահչելիի արտահայտած գաղափարը։ Դ. Բահչելին շատ տրամաբանական տեսակետ ունի ներկայիս գործընթացների վերաբերյալ։ Ռուսաստանը, Թուրքիան և Չինաստանը բազմաբևեռ աշխարհի հիմնական խաղացողներն են՝ թե՛ եռակողմ ձևաչափով, թե՛ միջազգային կառույցներում»։

Իվանովը նաև ասել է.«Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Մենք ունենք առաջատար նախագծեր, որոնք նման բարձր մակարդակի համագործակցության նշիչներ են:…. Ռուս-թուրքական համագործակցության ամենախոստումնալից ոլորտները 2026 թվականին էներգետիկայի, հիմնականում միջուկային էներգիայի, ռուսական գազի, նավթի և նավթամթերքի մատակարարումների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։ Մոսկվան և Անկարան «լավ համակարգում են հաստատել» միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ։ Ռուսաստանը գոհ է Թուրքիայի հետ երկկողմ համագործակցության մակարդակից…»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցությունը՝ նույն ինքը «Գորշ Գայլերի» շարժումն է, իսկ նրա առաջնորդ Բահչելին համարվում է Գորշ Գայլերի առաջնորդը: Այդ շարժումը ահաբեկչակլան շարժում է, որը ստեղծվել է հիմնականում հայկական սփյուռքի դեմ ահաբեկչական գործողություններ կատարելու համար: Հայտնի են իրենց կողմից իրականացված տարբեր ահաբեկչական ծրագրեր: Եվրոպական որոշ երկրներ, մասնավորապես Ֆրանսիան, օրենսդրորեն արգելեն են այս կառույցի գործունեությունը իրենց երկրներում:

Ռուս դիվանագետը, ոգևորվելով նման առաջարկից, գիտակցու՞մ է, թե Ռուսաստանին ինչ վտանգների մեջ է ներքաշում և ինչ ազգամիջյան վտանգներ կարող է ստեղծվել երկրում, եթե ՌԴ-ն դառնա «Գորշ Գալերի» դաշնակիցը:

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ