Օրերս ԱՄՆ հայկական համայնքի դեմ ուղղված հերթական սադրանքի հեղինակ դարձավ ազգությամբ թուրք Մեհմեդ Օզը՝ հանդես գալով բացահայտ հակահայկական և անհիմն հայտարարություններով։ Օզի սկանդալային պահվածքի, նրա շարժառիթների և քաղաքական հովանավորության մասին զրուցել ենք «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի հետ։
– – Պարոն Սասունյան, ինչո՞ւ Մեհմեդ Օզը հենց հիմա ակտիվացավ հայկական համայնքի դեմ։ Սա պատահակա՞ն է, թե՞ ծրագրված հակահայկական արշավ։
– Դոկտոր Օզը ծագումով թուրք է և Թուրքիայի քաղաքացի։ Նա երկքաղաքացի է՝ ունի նաև ԱՄՆ քաղաքացիություն։ Տարիներ առաջ կամավոր մեկնել է Թուրքիա, երկու տարի ծառայել թուրքական բանակում և շատ մտերիմ հարաբերություններ ունի Էրդողանի հետ։ Իր ամբողջ կյանքում հանդես է եկել որպես թուրք ազգայնական, նույնիսկ ռասիստ։
Մի քանի տարի առաջ, երբ նա առաջադրեց իր թեկնածությունը Պենսիլվանիա նահանգում սենատոր ընտրվելու համար, հայկական համայնքը պայքարեց և թույլ չտվեց, որ նա ընտրվի, քանի որ Օզը մշտապես ժխտել է Հայոց ցեղասպանությունը և, որպես թուրք, պայքարել է դրա ճանաչման դեմ։ Դա նրան բավականին զայրացրել է, և նա որոշել է վրեժ լուծել հայերից։
Այս մարդուն Թրամփը նշանակեց բժշկական հարցերի պատասխանատու պաշտոնում, որը շատ լայն ու պատասխանատու ոլորտ է։ Օզը որևէ որակավորում կամ դրական գործունեություն չի իրականացրել, որպեսզի նման բարձր պաշտոն զբաղեցնի։ Պետք է նշել նաև, որ նա երկար տարիներ եղել է հեռուստահաղորդավար և ունեցել է սեփական շոու, որի ընթացքում մշտապես գումար է վաստակել կեղծ դեղերի գովազդի միջոցով։ Նույնիսկ ԱՄՆ Կոնգրեսը մի քանի տարի առաջ նրան հարցաքննել է և բացահայտել նրա կեղծիքները։
Այսպիսի կեղծարար մարդը, որը նաև թուրք ծայրահեղական է, այսօր փորձում է վրեժ լուծել։ Օզը կանգնում է հայկական խանութի առաջ և անամոթաբար հայտարարում է, թե իբր դա «հայկական կոռուպցիայի կենտրոն» է՝ նշելով, որ խանութի ցուցանակը ռուսերեն է։ Մինչդեռ այդ գրությունը հայերեն է։ Այդ թաղամասում կա մոտ քառասուն նման հայկական կենտրոն։ Այս ամենը պարզապես անհեթեթություն է։ Փողոցում կանգնելով և խանութ ցույց տալով՝ կոռուպցիա չեն բացահայտում։
Մենք դեմ չենք, որ պետությունը պայքարի կոռուպցիայի դեմ՝ անկախ նրանից, թե ով է ներգրավված։ Սակայն Օզը խոսում է առանց որևէ փաստի։ Արդյունքում տվյալ հայ գործարարի բիզնեսը վերջին օրերին լուրջ վնաս է կրել, քանի որ հաճախորդները վախենում են, թե ոստիկանները կարող են գալ և ձերբակալություններ իրականացնել։ Այդ անմեղ մարդը զգալի ֆինանսական կորուստներ է կրել։
Եթե Օզը անկեղծորեն ցանկանում է պայքարել կոռուպցիայի դեմ, ապա պետք է դա անի օրինական ճանապարհով։ Նրա վարքագիծը ռասիստական և անընդունելի է։ Ամերիկյան մամուլը, կոնգրեսականները, սենատորներն ու տարբեր պաշտոնյաներ քննադատում են Օզի պահվածքը և պահանջում, որ Թրամփը նրան հեռացնի պաշտոնից, քանի որ նա չի համապատասխանում այդ դիրքին։ Թրամփը խոստացել է հանդիպել հայերի հետ՝ անձամբ իրավիճակին ծանոթանալու համար՝ նշելով, որ ամբողջությամբ չի հավատում Օզի հայտարարություններին։
– Այս ամենից հետո հարց է առաջանում․ մի՞թե Թրամփը չի ուսումնասիրում մարդկանց, որոնց նշանակում է նման բարձր պաշտոնների։
– Ցավոք, նախագահ Թրամփը Օզի նման բազմաթիվ մարդկանց է նշանակել բարձր պաշտոնների, որոնցից շատերը չեն համապատասխանում այդ դիրքերին։ Սակայն Թրամփը նման ոճ ունի․ նա նշանակում է իր մտերիմներին՝ նրանց, ում ճանաչում է, և սովորաբար ոչ ոքի չի լսում։ Այս դեպքում անհրաժեշտ է դատական հայց ներկայացնել Օզի դեմ։ Դա պետք է անի հենց այն մարդը, որի բիզնեսը վարկաբեկվել է։ Հնարավոր է՝ դատարանի որոշումը հիմք հանդիսանա, որպեսզի Թրամփը նրան հեռացնի պաշտոնից։
Նաիրա Վանյան
