Երկրների նախագահները ու վարչապետերը ամանորին համախմբման ուղերձներ են հղում, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ պառակտման
Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքան էջում գրառել է, որ
դեկտեմբերի 28-ին, Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակելու է պատարագի և հավելել.
«Այստեղ էլ իմ ակնկալիքն այն է, որ Կտրիճ Ներսիսյանի անունը չհնչի պատարագի ժամանակ՝ նախկինում բերված հիմնավորումներով և պատճառներով։
Ի դեպ, կան մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք տարբեր եկեղեցիներում, երբ որ պատարագի են մասնակցում և հնչում է Կտրիճ Ներսիսյանի անունը, ցանկություն ունեն իրենց բողոքն արտահայտել հենց այդ պահին։ Արդյո՞ք նման բան կարելի է և թույլատրելի է։ Ես կարծում եմ, որ այո, նման բան կարելի է և թույլատրելի է, որովհետև դա լեգիտիմ ակնկալիք է, որ այն մարդիկ, ովքեր իրենց հայտարարագրել են որպես վեհ և որպես որոշակի կանոններով ապրող մարդիկ, և չեն կատարել դա, չեն կատարում դա և չեն էլ պատրաստվում առերեսվել այս փաստի հետ։
Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներս, պետք է ոչ միայն վերաբերմունք ձևավորենք այդ փաստի առիթով, այլև պետք է արտահայտենք այդ վերաբերմունքը և, ի վերջո, այդ վերաբերմունքից բխող գործնական արդյունքների հասնենք»։ Աշխարհի տարբեր երկրների նախագահները և վարչապետերը ամանորի ուղերձներում համերաշխություն,համախմբում են քարոզում,իսկ Նիկոլ Փաշինյանը` պառակտում։ Սահմանադրությամբ պետությունից անկախ գործող Հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին գործադիր իշխանության ղեկավարի խառնվելը,պատարագի տեքստ զեղչելը լեգիտիմ չէ, այլ հակասահմանադրական է ,ինքնիրավչություն։
Ոսկան Սարգսյան
