Դավիթ Համբարձումյանը երբեք չսեղմեց Նիկոլ Փաշինյանի ձեռքը…

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանի՝ ընտրված համայնքապետերի դեմ սանձազերծած քաղաքական ռեպրեսիաների ալիքը հասավ Մասիս. Գյումրիի քաղաքապետարանի վրա ոստիկանական գրոհը եւ քաղաքապետին ձերբակալելու օպերացիան «հաջողությամբ» իրականացնելուց հետո պարզվեց, որ այժմ թիրախում Մասիսի քաղաքապետն է:  Երեւանի քրեական դատարանը  (դատավոր Ժ.Չիչոյան) հրապարակեց դատավճիռ, որով Մասիս համայնքի ղեկավար, Դավիթ Համբարձումյանին դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման,  վերացվեց գրավը և որպես խափանման միջոց կիրառեց կալանք:

Նշենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, նախաձեռնելով Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթի ենթարկելու գործընթաց, Դավիթ Համբարձումյանին առաջադրել է վարչապետի թեկնածու: Այս օրերին Համբարձումյանը գտնվում էր Մոսկվայում: Դատավճռից հետո նա հայտարարեց, որ իր վերադարձի տոմսը գնված է հոկտեմբերի  28-ի համար եւ, որ ոչինչ չի փոխվել.« 7,5 տարի անց ինձ շինծու գործով շուտափույթ ազատազրկելու որոշումը խոսում է այն մասին, որ իմ դեմ կիրառված պատժամիջոցը բացառապես քաղաքական է։ 7.5 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործը կարճվել է այդ միջադեպի բոլոր մասնակիցների մասով և միայն ինձ է այս իշխանությունը դիտարկել որպես կազմակերպիչ՝ ամեն ինչ անելով, որպեսզի հայտնվեմ անազատության մեջ։…. Նիկոլից ու նրա կամակատար դատաիրավական համակարգից փախչելու միտքն անգամ բացառում եմ։ Շուտով կլինեմ Հայաստանում և բոլորս միասին կպայքարենք իմ, Սրբազան Հայրերի, այլ քաղբանտարկյալների և մեր ամբողջ երկրի ազատության համար։ Աստծով»։

Հիշեցնենք, որ  Համբարձումյանին վերագրվող արարքը վերաբերում է 2018-ի իրադարձություններին: Այսօր տարիների հեռվից արդեն կարող ենք  արձանագրել, որ 2018-ին շատերս ենք սխալվել, շատերս ենք  մոլորվել  ու մանիպուլացվել ոչ միայն Փաշինյանի կողմից… Դավիթ Համբարձումյանը այն բացառիկ մարդկանցից է, ով վստահորեն ու բաց ճակատով  կարող է ասել, որ ինքը Նիկոլին չի բերել: Թե՝ ովքեր են բերել, դա այլ հարց է, բայց Դավիթ Համբարձումյանը այդ ամենի մեղսակիցը չէ…

2018-ից հետո շատ համայնքապետեր, տարբեր պաշտոնյաներ, գործարարներ, անցան Փաշինյանի «թրի տակով», «դավանափոխ» եղան, սկսեցին անձրեւանոց պահել ՔՊ-ական իշխանիկների վրա, գործարքների գնալ: Բայց Դավիթ Համբարձումյանը երբեք որեւէ գործարքի չգնաց Նիկոլի հետ: Նա միայն աշխատում է Մասիսի համայնքի խնդիրների լուծմամբ ու լավ է աշխատում:

2024թ-ի օգոստոսին Նիկոլ Փաշինյանն  Արարատի մարզ այցի շրջանակներում եղավ նաեւ Մասիս քաղաքում: Այդ օրը Մասիսի քաղաքապետը նրան չդիմավորեց. ասում էին՝ երկրից դուրս է եկել: Համբարձումյանը երկրից դուրս էր եկել, որպեսզի չդիմավորե՞ր Փաշինյանին, որպեսզի չսեղմե՞ր նրա ձեռքը, թե՞ դա, պարզապես, զուգադիպություն էր: Դժվար է ասել: Սակայն, փաստ է, որ այս անգամ էլ նա չսեղմեց Արցախը հանձնողի ձեռքը: Դրանից հետո լուրեր էին շրջանառվում, որ քաղաքապետի գործերը «քրքրում են», որպեսզի վրան գործ հարուցեն: Փաստորեն, «քրքրանքների» մեջ քրեական գործի «մատերիալ» չգտան եւ նորից հիշեցին յոթ ու կես տարվա  վաղեմության,  մոռացված  ու  2018-ի շինծու գործը:

Վաղը Համբարձումյանը վերադառնում է Հայաստան՝ լավ իմանալով, որ իրեն կալանավորելու են:  Իսկ մասիսցիները պատրաստվում են գնալ օդանավակայան՝  դիմավորելու եւ իրենց զորակցությունը հայտնելու իրենց ընտրած համայնքապետին…

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ