Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին տնային կալանքի ենթարկելու որոշումը դժգոհության առիթ է դարձել ոչ միայն իջեւանցիների մոտ, այլեւ՝ ՀՀ-ից դուրս ապրող շատ տավուշցիների մոտ: Մեզ հետ զրույցում մոսկվաբնակ կիրանցեցի Արայիկ Ղազարյանն անընդունելի համարեց Ներսիսյանի հետ տեղի ունեցողը: Նշենք, որ Ղազարյանի ընտանիքի անդամները 1990-անների Տավուշի ինքնապաշտպանության առաջամարտիկներից են: Եղբայրներից մեկը՝ Արմենը, ում մարտական ընկերները Բուդուլայ էին անվանում, զոհվել է Կիրանցի պաշտպանության ժամանակ: Արայիկը եղել է Տավուշի զենիթա-հրթիռահրետանային դիվիզիայի հրամանատար, եղել է հայկական բանակի կառուցողներից մեկը: Բուդուլայի Արոն, ինչպես ընկերներն են անվանում, չի ընդունում իշխանության այս ռեպրեսիվ քաղաքականությունը.
«Ես Վարուժան Ներսիսյանին ճանաչում եմ դեռ դպրոցական տարիներից, երբ ինքը Իջեւանի կոմսոմոլի քարտուղարն էր: Սակայն, ընկերացել ենք 1990-ական թվականներից: Գյուղը սովի էր մատնված, ոչ սահմանին կռվող տղաներս ուտելիք ունեինք, ոչ էլ բնակիչները: Դե Կիրանցի տեղը գիտեք, կարելի է ասել՝ շրջափակման մեջ էր: Ներսիսյանն այդ ժամանակ Իջեւանի մատակարարաման գծով պատասխանատուն էր: Մի Ցուրտ, անձրեւ, բուք ու բորան օր էր: Գիշերը տեսանք, նա ռեզինե սապոգները հագին, թրջված, սառած, մի քանի տղաների հետ անտառների միջով գյուղին սնունդ բերեցին հասցրին: Այդ օրվանից մենք ընկերացանք, մեր կապը գնալով ամրապնդվեց: Միասին պատերազմի դժվարություններ ենք հաղթահարել; Շատ հարցերում իրարից խորհուրդ ենք հարցրել: Շատ գրագետ, խելացի, ու ամենակարեւորը՝ հայրենասեր ու ազնիվ մարդ է Ներսիսյան Վարուժը: Ո՞նց կարելի է նման մարդու հետ նման կերպ վարվել: Ես , որքան հիշում եմ, ինքը միշտ եղել է բարձր պաշտոնների, բարձր աշխատավարձով ապրող: Իր ազնվությունն իմանալով, համոզված եմ, որ նա չի կարող օրինազանց լինել:
Սա ընդամենը քաղաքական հաշվեհարդար է, քանի որ Ներսիսյանն այն մարդն է, որն ունի մեծ հեղինակություն ամբողջ Իջեւանի տարածաշրջանում: Իսկ նման հայրենասեր մարդիկ, բնականաբար, դեմ են , որ հայրենիքի կտոր-կտոր տրվի Ալիեւին: Փաշինյանին պետք է, որ նման մարդիկ 2026-ի ընտրություններին լինեն անազատության մեջ, որ ինքը իր արբանյակներով միայնակ մասնակցի ընտրություններին ու վերընտրվի: Դրա համար էլ անազատության մեջ է պահում, Սամվել Կարապետյանի, սրաբազանների, Միհրան Մախսուդյանի, Վարուժան Ներսիսյանի նման մարդկանց, որ իրենց չխանգարեն վերընտրվելու ու Հայաստանն ադրբեջանացնելու գործում: Իսկ նրա վերընտրվելը կործանարար կլինի Հայաստանի համար եւ ողբերգական ամբողջ հայության համար:
Վարուժան Ներսիսյանը երկար տարիներ եղել է նաեւ ԵԽ պատգամավոր, Ֆրանսիայում ինքն է եղել Հայաստանի համայնքների ներկայացուցիչը: Միշտ իր գրագիտությամբ Իջեւանը պահել է անգամ եվրոպացիների ուշադրության կենտրոնում: Այստեղ շատ էին գալիս ֆրանսիացիներ, եվրոպացի պաշտոնյաներ, դա շնորհիվ Վարուժան Ներսիսյանի: Այդ մարդուց չէր կարելի փողերի լվացող կերտել: Անհավատալի ու անընդունելի է»:
