ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱ՝ ԸՆԴԴԵՄ ԲՌՆԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ

Երեկ տեղի ունեցավ «Մեր ձևովի»-ի հանրահավաքը: Եթե համառոտ ամփոփենք նոր ձեւավորված շարժման արդյունքները, ապա կարող ենք ասել, որ նրա շուրջ կա թե՛ քաղաքական, թե՛ հասարակակական կոնսոլիդացիա, համախմբում: Քաղաքական ընդդիմադիր ուժերն այս շարժման հետ, գոնե արտաքուստ, հակասություններ չունեն: Առողջ մրցակցություն, բնականաբար, կառաջանա ընտրություններին ընդառաջ: Սամվել Կարապետյանի անձի գործոնով պայմանավորված, կա ընդդիմադիր  դաշտի համերաշխություն: Քանի որ Կարապետյանը Հայաստանում պետական պաշտոններ չի զբաղեցրել, քաղաքական գործունեություն չի ծավալել, նրան չեն կարող մեղադրել ո՛չ Նիկոլին բերելու մեջ, ո՛չ էլ նրան պահելու մեջ: Այլ հարց է, որ Կարապետյանը շատ ուշացավ իր ընդդիմադիր դիրքավորման մեջ.  դա կարող էր լինել 2020-ի նոյեմբերի 10-ին…Ինչեւէ, նրա համբերության բաժակը լցվեց միայն այն ժամանակ, երբ Փաշինյանը բացահայտ հարձակվեց եկեղեցու վրա…

Ակնհայտ է. որ Կարապետյանն իր շուրջն է համախմբում հասարակության այն շերտերին, ովքեր հիասթափված են թե՛ Փաշինյանից, թե՛ նախկիններից: Որքան էլ իշխանությունը իր լծակներով փորձի բարերար-գործարարի «հագով» մեղադրանքներ «կարել» փողերի լվացման, այս կամ այն չարաշահումների մեջ, մարդիկ չեն հավատում դրանց: Կարապետյանը Հայաստանի բոլոր մարզերում ներդրում ու վաստակ ունի, ու դա տեսանելի է շարքային քաղաքացիներն:

Թե որքանով շարժման նախաձեռնող խմբի անդամները կարող են բյուրեղացնել Կարապետյանի դրական վարկանիշը, կերեւա առաջիկայում: Իհարկե, հեշտ չէ քաղաքականության, մանիպուլիացիաների մեջ անփորձ երիտասարադներին Փաշինյան Նիկոլ մեծն վարպետից հետո գրավել ողջ հասարակության սիրտն ու վստահությունը: Փաշինյանը հասարակությանը մանիպուլացնելու համար մի աբողջ արտաքին ու ներքին դպրոց է անցել, նրան լավ սովորեցրել էին հեղափոխություն անելու միջազգային փորձը: Ինչը չունեն «Մեր ձևովի» երիտասարդները:

Ակնհայտ է, որ Նարեկ Կարապետյանը այս կարճ ժամանակահատվածում հմտացել է իր քաղաքական խոսույթի մեջ: Նա դառնում է ավելի ինքնավստահ, ելույթն ունի ավելի հստակ ուղերձներ:

Երեկվա հանրահավաքի հիմնական նպատակը քաղբանտարկյալների ազատությունն ու երկրում քաղաքական հետապնդումների,  բռնաճնշումների կասեցում էր: Փաշինյաննը վաղուց հատել է բոլոր կարմիր գծերը եւ Հայաստանում ստեղծել է 37 թվականի  մթնոլորտ: Մեկ անձի կամքով ազատությունից զրկվում են թե՛ քաղաքական գործիչներ, թե՛ հոգեւորականներ, թե՛ շարքային քաղաքացիներ, ով համաձակվում է քննադատել «մեծն» Փաշինյանին: Մարդիկ այլեւս տեսնում են, որ իրենցից ոչ մեկը ապահովագրված չէ այդ ռեպրեսիաներից ու դոմինոյի նման հերթը իրենց էլ կհասնի:

Փաշինյանն այլեւս անզոր է խաբել մարդկանց, մանիպուլացնել, թե այդ ձերբակալություններն անում է նախկինների թալանը ետ բերելու համար: Հասարակությունն այլեւս համոզվել է, որ իրենց ընտրած վարչապետը խաբել է իրենց եւ դարձել Ալիեւի հլու կամակատարը՝ երկիրը տանելով է ադրբեջանական լծի տակ…

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ