ԱՐԱՄ Ա-Ն ԼԱ՞Վ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ի անունից ՀՀ  Նիկոլ Փաշինյանին է նվիրել Արամ Ա–ի գահակալության 30–ամյակի առիթով հրատարակված հատորը։ Արքեպիսկոպոսը  Փաշինյանին է փոխանցել նաև Արամ Ա կաթողիկոսի «ջերմ ողջույններն ու օրհնությունը»։
«ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել հատորը նվիրելու համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է ընդունել այն։ Նա խնդրել է նաև իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Արամ Ա կաթողիկոսին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործունեության, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, Լիբանանում և Սիրիայում հայ համայնքների հետ կապված իրավիճակի շուրջ».-գրված է  վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։։
 Ու, այս ամենը տեղի է ունենում այն օրը, երբ  վաղ առավոտյան,Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը «բերման ենթարկվեց» անհայտ ուղղությամբ, այնուհետեւ կալանավորվեց երկու ամսով: Նրա հետ բերման ենթարկվեցին նաեւ թեմի մյուս քահանաներ:
 Այս` արտաքուստ թվացյալ քայլով ի՞նչ է ուզում անել Արամ Ա-ն. կարծես թե՝ հոգեւոր դասում ու Հայաստանում  ամեն ինչ խաղաղ է, մնացել է՝ նրա բանագնացն ու Փաշինյանը Մերձավոր Արեւելիքի իրադարձությունները քննարկեն:
Ենթադրվում է, որ այս նախաձեռնության ետեւում այլ նպատակներ կան, որոնք չեն բարձրաձայնվել հայտարարության մեջ: Կաթողիկոս Արամ Ա-ն, հատուկ հանձնարարությամբ մարդ ուղարկելով Երևան, ուզում է հաշտարարի՞ դեր կատարել վարչապետ-պետություն- եկեղեցի այս լարված ու անընդունելի հարաբերությւոններում:
 Հասարակությունը տարբեր կերպ արձագանքեց այս նախաձեռնությանը. ոմանք այն դիտարկում են որպես արժանապատիվ և ուղիղ ազդակ իշխանությանը, որով բարձրացվում է հոգևորականների ապօրինի կալանավորումների հարցը և պահանջվում են իրավական ու քաղաքական լուծումներ։
Շատերն էլ այն համարում են անարդյունավետ քայլ, որով լեգիտիմացվում են Փաշինյանի հակաեկեղեցական քայլերը եւ, ստվերում դրանց լրջությունը:
 Փաշինյանի ու իր թիմի հակաեկեղեցական արշավը պատահական, պահի տակ արված «միամիտ» քայլ չէ. սա պետականաքանդության գործի մի կարեւոր դրվագ է, որը նրանք իրականացնում են ամենայն գիտակցությամբ ու «պատասխանատվությամբ»: Ո՛չ Արամ Ա-ի խոսքը կարող է ազդեցություն ունենալ այս քայլերը կասեցնելու, ո՛չ էլ որեւ է մեկի խոսքը: Փաշինյանը որոշել է վարկաբեկել եկեղեցին ու կալանավորել հոգեւորականներին, ու դա կանի, քանի դեռ ունի այդ հնարավորությունը, քանի դեռ որպես գործիք իր «ձեռքին են» ուժային ու իրավապահ մարմինները, որոնք  հլու հնազանդ կատարում են իր հրամանները: Արամ Ա-ն, հավանաբար, «լավ չի ճանաչում» Նիկոլ Փաշինյանին, որ ուզում է համազգային համերաշխություն ստեղծել նրա եւ հայ հասարակության միջեւ…
 ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ