ԿԼԻՆԻ՞ ՁԵՐ ԲԵՐԱԾ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԵՏ ՏԱՆԵՔ ՁԵՐ ԵՐԿԻՐ

Հայաստանյան լրահոսում սպանությունների ու կրակոցների մասին ամենօրյա լուրերը չեն դադարում: Ամեն օր նոր սպանություն, վենդետա, կրակոցներ: Սպանությունները փողոցից հասան, գյուղական դաշտեր, եկեղեցի: Մեկը մյուսից ահասարսուռ իրադարձությունները այսօրվա լրահոսի գլխավոր թեմաներն են: Ակնհայտ է, որ իրավիճակը արդեն դուրս է եղել  վերահսկելիությունից: Իսկ հանցագործությունները կանխող ու կանխարգելող  իրավապահ կառույցները չեն գործում, ինչպես, գրեթե,  չի գործում  պետական ապարատը: Նրանք զբաղված են  Նիկոլ Փաշինյանի, նրա ընտանիքի ու մյուս իշխանական կարկառուների անձնական անվտանգության պահպանությամբ: Ներքին գործերի նախարարությունը արդեն կարելի է վերանվանել Փաշինյանի անվտանգության պաշտպանության նախարարություն: Նրանք կատարում են նաեւ այլ «կարեւոր» գործառույթներ՝ հսկել, գաղտնալսել, գործեր կարել Փաշինյանի ընդդիմախոսների նկատմամբ եւ նրանց անմարդկային ձեւով բերման ենթարկել: «Բնականաբար», այս պատասխանատուներին ժամանակ չի մնում զբաղվել հանցագործությունների կանխմամբ ու կանխարգելմամբ:

 Հիշեցնենք, որ ոստիկանական համակարգի այսօրվա անտեր  վիճակի համար պետք «շնորհակալ» լինենք ԱՄՆ-ին, քանի որ վերջին տարիներին ԱՄՆ-ն ֆինանսական մեծ ներդրումներ է կատարել մեր այդ համակարգը «բարեփոխելու» ուղղությամբ: Ամերիկայն պաշտոնյաները հաճախ էին «հյուր գալիս» ոստիկանություն, ցուցումներ տալիս, եւ գոհ էին մնում իրենց կողմից բարեփոխված  ոստիկանությունից՝ հատկապես այն ժամանակ, երբ ցուցարարների վրա բիրտ ուժ էր կիրառվում: Հետևաբար,  եթե «բարեփոխելու» փողն իրենք են էտվել, իրենք էլ կարող է իրենց ուզած մարդուն տեսնել այդ կառույցի ղեկավարի պաշտոնում.«Кто платит, тот заказывает музыку»: Ու ամերկյան պաշտոնյաները որոշեցին Ներքին գործերի նախարար նշանակել սորոսական Արփինե Սարգսյանին: Հիշեցնենք, որ նրան այս պաշտոնին նշանակելու համար Փաշինյանը պաշտոնազուրկ արեց իր մանկության ընկերոջն ու անվերապահ կամակատար Վահե Ղազարյանին: Նոր նախարարուհին շուտ մտավ իր պաշտոնական շքեղ դերի մեջ.  երբ նա իր  ծառայողական մեքենայով շրջում է երեւանյան փողոցներով, ապա այդ տարածքում երթեւեկությունը կանգ է առնում… Ի դեպ, նորանշանակ նախարարուհու համար կառավարությունը հատկացրեց 125 հազար ԱՄՆ դոլար, որ աղջիկը կարգին մեքենայով ու անվտանգ լինի… Իսկ ի՞նչ բարեփոխում բերեց նախարարուհին, իմանում ենք հայաստանյան ամենօրյա լրահոսից: Սակայն, վստահ կարող ենք ասել, որ երկրում ստեղծված իրավական անտերությունը դարձել է պետության կազմաքանդման եւ գահավիժման «կանաչ լույսը»: Գուցե, հենց այս էլ պետք է մեր ոստիկանությունը բարեփոխած երկրին՝ ԱՄՆ-ին, որի նախագահն այդպես էլ չարտաբերեց Հայաստանի ու նրա ղեկավարի անունը:

Հիշեցնենք, որ 2024թ-ի հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից  ցուցարաների վրա լուսաձայնային նռնակներ կիրառելուց եւ խաղաղ ցուցարարներին մարմնական վնասվածքներ հասցնելուց հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը իր տարածած հաղորդագրության մեջ  բռնություններ եւ խոշտանգումներ իրականացրած ՀՀ ոստիկանության եւ ոստիկանական զորքերի զինծառայողների կողմից կատարած արարքները որակեց որպես իրավաչափ եւ խրախուսեց այն: Դեսպանությունը, ակնհայտորեն, գոհ է իր բարեփախած ոստիկանությունից: Մեզ մնում է խնդրել. կլինի՞ ձեր երկիր տարեք ձեր բերած բարեփոխումները…

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ