Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի նախագահ Աշոտ Արսենյանի որդին՝ Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ: Աշոտ Արսենյանը Սերժ Սարգսյանի ամենամտերիմ մարդկանցից է, նրանք միասին երկար ճանապարհ են անցել: Սերժ Սարգսյանը, ինչպես մյուս գործարար ՀՀԿ-ականների, այնպես էլ Արսենյանի բիզնեսի համար կանաչ լույս էր վառել, պատգամավորական մանդատի արժանացրել: Իհարկե, այս ամենը Արսենյանի սիրուն աչքերի համար չէր. մյուս գործարարերի նման՝ Արսենյանն էլ իր հերթին ընտրությունից-ընտրություն ջանքեր ու փող չէր խնայում՝ Ջերմուկում ՀՀԿ-ի համար անհրաժեշտ թվեր «խփելու» համար: Երրորդ նախագահն ու գործարարը միասին հանգստանում էին Բադեն Բադենում:
2018-ի իշխանափոխությունից հետո Աշոտ Արսենյանի ընտանիքի գլխին սեւ-սեւ ամպեր կուտակվեցին. նրա որդու՝ Վահագն Արսենյանի՝ զինծառայությունից ազատվելու հիմքով քրեական գործ հարուցվեց: Գործը հարուցվել էր քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հանգամանքներով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինվորական ծառայությունից խուսափելու փաստի առթիվ: Արսենյանի երկու որդիներն էլ ազատված են զինվորական ծառայությունից: Ավագ որդին՝ Արսեն Արսենյանը, ուսումնառության ընթացքում ամուսնացել է և զինծառայությունից ազատվել է ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով, իսկ կրտսեր որդին՝ Վահագն Արսենյանը՝ առողջական հիմքով:
Հետո գործը աննկատ փակվեց, գնաց: Արդյունքում, Արսենյանը դարձավ Փաշինյանի իշխանության «մտերիմը». որդին ոչ միայն կանգնեց պատասխանատվության առաջ, այլեւ պաշտոն ստացավ, դաձավ Ջերմուկի քաղաքապետ, հետո Վայոց Ձորի մարզպետ: Իսկ ի՞նչ կանի Արսենյանների ընտանիքը, եթե վաղը Հայաստանում իշխանափոխություն լինի եւ մեկ այլ ուժ գա իշխանության: Պատասխանը մեկն է. կդառնա այդ նոր իշխող կուսակցության ղեկավարի «մտերիմն» ու «գործընկերը»: Կարեւորը՝ իրենց գործներն աջ գնան…
2018-ից ի վեր մենք տեսանք, թե քանի մարդ մնաց հավատարիմ ՀՀԿ-ական: Շատ քչերը, ովքեր կրելով զրկանքներ, ենթարկվելով քաղաքական, հասարակական ճնշումների, չլքեցին ոչ իրենց կուսակցական առաջնորդին, ոչ էլ կուսակցության շարքերը. Արմեն Աշոտյան, Դավիթ Համբարձումյան, Ռաֆիկ Անդրեասյան, Վահրամ Բաղդասարյան…: Իսկ շատերը շատ արագ «կրոնափոխ» եղան…
Նույնը կլինի հաջորդ իշխանափոխությունից հետո. կլքեն ՔՊ-ի շարքերն ու նոր կուսակցության անդամատոմս կստանան:
Հ/Գ Այս անընդունելի երեւույթին նպաստում է արմատավորված վատ ավանդույթը, որը կար թե՛ խորհրդային տարիներին, թե ՛ՀՀՇ-ի, թե՛ ՀՀԿ-ի, կա նաեւ հիմա: Որպեսզի բարձր կամ գոնե միջին աստիճանի պաշտոն ունենաս, արտոնյալ ու պաշտպանված լինես, պետք է դառնաս իշխող կուսակցության անդամը: Չհամաձայնվես՝ կհայտնվես իշխանության թիրախում: Ու, կարեւոր չէ քո մասնագիտական պատրաստվածությունը, գիտելիքներն ու տվյալ կուսակցության գաղափարակից լինել- չլինելը:
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ
