ԱՄՆ կոնգրեսականներ Դարել Իսան և Գաս Բիլիրակիսը ներկայացրել են «Կովկասում սրման կանխարգելում և գործընկերության ամրապնդում» (PEACE Act – HR5632) օրինագիծը։
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Դ. Իսայի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ փաստաթղթի նպատակն է կանխել Հայաստանի դեմ հնարավոր ապագա ռազմական ագրեսիան և ամրապնդել Թրամփի վարչակազմի միջնորդությամբ կնքված Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը։
Օրինագիծը նախատեսում է պատժամիջոցներ Հայաստանի դեմ ռազմական գործողությունների համար պատասխանատու Ադրբեջանի պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ։
Դրանք ներառում են ԱՄՆ-ում ակտիվների սառեցում, երկիր մուտք գործելու արգելք և սահմանափակումներ այն ֆինանսական հաստատությունների վրա, որոնք նպաստում են Ադրբեջանի էներգետիկ առևտրին։
Օրինագիծը Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել սեպտեմբերի 30-ին և ուղարկվել է Արտաքին հարաբերությունների, Դատական և Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովներ:
Սակայն փաստաթուղթը դեռևս չի քննարկվել հանձնաժողովներում:
ԱՄՆ օրենսդրության համաձայն, որպեսզի օրինագիծը դառնա օրենք, այն պետք է հաստատվի բոլոր համապատասխան հանձնաժողովների կողմից, որին հաջորդեն Ներկայացուցիչների պալատի և Սենատի հավանությունը, և վերջապես ստորագրվի նախագահի կողմից։
