Ալյասկայի հանդիպման ազդակները սպառվե՞լ են

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է.«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ընթացքում ստեղծված ազդակը «սպառվել է»:

Դիվանագետը պնդել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորում գտնելու «հզոր խթանը» մարել են Ռուսաստանի հակառակորդները և «վերջին ուկրաինացու համար պատերազմի» կողմնակիցները, հիմնականում եվրոպացիների շրջանում»։

Պուտինը և Թրամփը հանդիպել են Ալյասկայի Անքորիջ քաղաքում օգոստոսի կեսերին՝ քննարկելու Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղի գտնելը, ինչպես նաև Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկկողմ հարաբերությունների վերականգնումը։ 

Չնայած որևէ առաջընթաց չգրանցվեց, երկու կողմերն էլ հանդիպումը որակեցին կառուցողական, իսկ Սպիտակ տունը հայտարարեց, որ այժմ «թունելի վերջում լույս կա և երկարատև խաղաղության հնարավորություն»։

 Մոսկվան այդ ժամանակվանից ի վեր բազմիցս ընդգծել է, որ Կիևը, կարծես թե, իրականում շահագրգռված չէ խաղաղությամբ: Ռուս պաշտոնյաները մշտապես մեղադրել են Ուկրաինային և նրա արևմտաեվրոպական աջակիցներին Թրամփի խաղաղության ջանքերը խաթարելու մեջ:

Վերջին շաբաթներին Թրամփը նաև արտահայտել է իր դժգոհությունը կարգավորման ուղղությամբ առաջընթացի բացակայության վերաբերյալ: Անցյալ ամսվա վերջին նա, կարծես, փոխել է իր դիրքորոշումը՝ պնդելով, որ Ուկրաինան հնարավորություն ունի «պայքարելու և ամբողջ Ուկրաինան վերադարձնելու»:

Այնուամենայնիվ, Մոսկվան հայտարարել է, որ բաց է խաղաղության համաձայնագրի համար։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Կրեմլը հույս ունի, որ Թրամփը կպահպանի «քաղաքական կամքը՝ ուկրաինական կարգավորումը խաղաղ քաղաքական բանակցությունների ուղղությամբ տանելու համար»։

Անցյալ շաբաթ Պեսկովը նաև հայտարարեց, որ Պուտինը դեռևս պատրաստ է և ցանկանում է հյուրընկալել Թրամփին Մոսկվայում՝ Ալյասկայի գագաթնաժողովից հետո ստացված հրավերի համաձայն։