«Տե՛ր կանգնեք ձեր ձայներին».Վարդան Ղուկասյանի կոչը՝ իր ընտրողներին

Երեկ առավոտյան  պարեկները անհիմն կերպով փորձում էին  պահպանվող տարածք տեղափոխել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենան։ Նման գործողությունները սպասելի էին, քանի որ Նիկոլ Փաշինյանը Հոկտեմբերի 1–ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։…Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»:

Երեկ քաղաքապետը ասուլիս էր հրավիրել եւ իր ընտրողներին կոչ արեց՝ տեր կանգնել իրենց ձայներին. «Սա միայն Գյումրիի համար չէ, սա ամբողջ հանրապետության համար է։ Իշխանությունները փորձում են ինձ հեռացնել, քանի որ իմ ձայները շատ են և կարող են ազդել 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վրա։ Նրանք ուզում են կանխել այն, ինչ հնարավոր է լինի ժողովրդավարական գործընթացների մեջ»։

Վարդան Ղուկասյանը ընդգծեց, որ իշխանությունների այս քայլերը չեն կարող կանգնեցնել ժողովրդավարության զարգացումը. «Ինձ չի հետաքրքրում իշխանությունը, ինձ չի հետաքրքրում պաշտոնը։ Իմ նպատակն է, որ մեր քաղաքն ու մարդիկ զգան, որ իրենց ձայնը արժևորում է։ Ես պատրաստ եմ անել այնպես, որ նրանց մուրազը իրենց փորը մնա»։

Քաղաքապետը նաև կոչ արեց իշխանություններին մտածել իրենց քայլերի հետևանքների մասին և չխախտել ժողովրդի կամքը․ «Ահա թե ինչու եմ հորդորում նրանց վերանայել իրենց մոտեցումները՝ որպեսզի զերծ մնանք իրավախախտումներից և ապահովենք քաղաքացու իրավունքների պաշտպանությունը»։

Մանրամասները՝ տեսանյությում