Մենք, Վրաստանի ընդդիմությունն ու եվրոպաշտոնյաների խղճի առուծախը

Վրաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները, որոնք ունեն արտաքին շահառուներ ու սցենարիստներ, շարունակում են մնալ տարածաշրջանով մտահոգ մարդկանց ուշադրության կենտրոնում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Վրաստանում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմությունը դուրս է եկել բողոքի ակցիաների: Ընտրություններին զուգահեռ բողոքի գործողություն անցկացնող ցուցարարները հոկտեմբերի 4-ին գրոհել են երկրի նախագահի նստավայրի վրա, հրկիզումներ են իրականացրել. հրկիզվել են սրճաններ եւ այլ տաղավարներ: Ուժայինները ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել։ Կան վիրավորներ:

Ինչպես եւ սպասվում էր, չուշացավ եվրոպաշտոնյաների «սրտացավությունն» ու «մտահոգությունը»՝ վրացի ժողովրդի ազատ կամքի նկատմամբ բռնության կապակցությամբ:

ԵՄ բարձր ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Քոսը համատեղ հայտարարություն են տարածում Վրաստանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշվում է, որ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անցկացվել են այլախոհության լայնածավալ ճնշման պայմաններում։ Եվրոպական դաշինքը նաև կոչ է անում իշխանություններին պաշտպանել քաղաքացիների հավաքների և խոսքի ազատությունը և դատապարտում է ԵՄ դեսպանի վրա հարձակումները։

 «Անկախ լրատվամիջոցների վրա ամիսներ շարունակ հարձակումները, քաղաքացիական հասարակությանը ուղղված օրենքների ընդունումը, հակառակորդների և ակտիվիստների ձերբակալությունները, ինչպես նաև ընտրական օրենսգրքում իշխող կուսակցության օգտին կատարված փոփոխությունները կտրուկ նվազեցրել են մրցակցային ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Ընդդիմության մեծ մասը բոյկոտել է այս ընտրությունները, և ընտրողների մասնակցությունը համեմատաբար ցածր է եղել։

Բացի այդ, Վրաստանի իշխանությունների կողմից միջազգային դիտորդներին, մասնավորապես՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳին, ժամանակին հրավիրելուց հրաժարվելը խաթարել է ընտրական գործընթացի թափանցիկությունը և խոչընդոտել է հավաստի և իմաստալից միջազգային դիտարկումը։ Տեղական կազմակերպությունները նույնպես ձեռնպահ են մնացել դիտարկումից՝ բռնաճնշողական միջավայրի պատճառով։

Մեծ թվով մարդիկ հետևողականորեն բողոքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության բռնաճնշողական քաղաքականության դեմ։ Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր անարդարացիորեն ձերբակալվել են։

Մենք կոչ ենք անում հանգստության և զսպվածության հետընտրական շրջանում և կոչ ենք անում իշխանություններին պաշտպանել քաղաքացիների հավաքների և խոսքի ազատությունը։ Անհրաժեշտ է կառուցողական և ներառական երկխոսություն, որը կներգրավի բոլոր քաղաքական գործիչներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, և կոչ ենք անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ բռնություն գործադրելուց։

Վերջապես, ԵՄն կտրականապես մերժում և դատապարտում է Վրաստանում ԵՄի դերի մասին ապատեղեկատվությունը, ինչպես նաև ԵՄ դեսպանի դեմ անձնական հարձակումները», – ասվում է հայտարարության մեջ».-գրված է հայտարարության մեջ։

Կարդում ենք եվրոկալլասի եւ եվրոքոսի հայտարարությունը, ուՙ թվում է, թե այն գրված է Հայաստանի մասին, որտեղ ազատազրկվում են ազատ խոսքը, քաղաքական կարծիքը, բռնաճնշվում է քաղաքական ընդդիմությունը, իշխանության ղեկին նստածը մուրճ է թափահարում իր ընդդիմախոսների վրա, խոսում են քաղաքական կուսակցություն փակելու մասին, բանտարկված են հոգեւորականներ՝ «ահաբեկչություն» կազմակերպելու կեղծ մեղադրանքով, բարերար-գործարար՝ ընդամենը քաղաքական կարծիք հայտնելու համար, որտեղ խաղաղ ցուցարարների վրա լուսաձայնային նռնակներ են նետվում՝ հասցնելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Սակայն, ոչ, եվրոպաշտոնյաները դրանք չեն տեսել, չեն լսել, տեղյակ չեն, քանի որ ՀՀ իշխանության ղեկին նստածը իրենց աշխարհաքաղաքական առեւտրի մանրադրամն է. նա է Հայաստանում  իրականացնում իրենց ծրագրերն ու առաջ տանում իրենց շահերը: Երբ իշխանությունը Հայաստանում հունսիսի 12-ի Սրբազան շարժման խաղաղ ցուցարարների վրա լուսաձայնային նռնակներ նետեց, եվրոպաշտոնյաներն ու ամերիկացի պաշտոնյաները ողջունեցին, որ իրենց կողմից «բարեփոխված» ոստիկանությունը  գործել է  պրոֆեսիոնալ ու պաշտպանել է «ժողովրդավարությունը»: Իսկ, երբ Վրաստանում, հիմնականում՝  իրենց կողմից ներդրված եւ իրենց հրահրամբ, ընդդիմությունը կոտրելով ցանկապատը ներխուժում է նախահագական նստավայր, երբ այրում է, ջարդում է, քարեր են նետում, ապա դա համարվում է օրինական պահանջների դրսեւորում:

Հիշեցնենք, որ դեռ 2024-ի դեկտեմբերին  ԵՄ ութ երկրների խորհրդարանների փոխնախագահներն ու արտաքին հարաբերությունների կոմիտեների ղեկավարները այցելեցին Թբիլիսի, հանդիպեցին բոլոր նրանց հետ, ովքեր մեղադրում են Վրաստանի կառավարությանը հոկտեմբերի 26-ի ընտրությունները կեղծելու մեջ՝ նախագահի, ընդդիմության և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների, և այդ երեկոյան ելույթ ունեցան Թբիլիսիում կայացած բողոքի ցույցի ժամանակ։ Վրաստանում շատերը, հատկապես իշխանամերձ ուժերը վստահ են, որ ԵՄ պաշտոնյաները հակված են Վրաստանում կրկնել «Մայդանի սցենարը»: Վրաստանի Խորհրդարանի խոսնակ  Շալվա Պապուաշվիլին նկատել է, որ Շվեդիայի կառավարության ներկայացուցչի՝ խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահը, ով դժգոհ էր հանգիստ իրավիճակից և ուղղակիորեն հիշեցրել է, որ լավ գաղափար կլիներ խաղալ «Մայդանի» սցենարը»:

Հայաստանում «Մայդանի» փոխարեն  տեղի ունեցավ  «թավշյա» հեղափոխությանը, որի բերած  Փաշինյան Նիկոլի բոլոր բռնություններն արդարացվում են իր արտաքին տերերի՝ սորոսականների, գլոբալիստների, եվրոպաշտոնյաների, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից:

Այս ամենը հայաստանյան հասարակությանը հեռացնում ու հիասթափեցնում է իսկական եվրոպական  արժեքներից, որոնց կրողը, բնականաբար, Կալլասներն ու Քոսերը չեն: Այս կեղծ բարեպաշտական հայտարարությունները էժանագին  ու  պարսավելի են:

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ