ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ «ԿԻԼԻԿԻԱՅԻ» ՀԱԿՈԲԻ՞Ն, ԹԵ՞ ԿԻԼԻԿԻԱՅԻՆ

ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ քննչական գործողություններ են անցկացվել «Կիլիկիա» գործարանում, իսկ գործարանի դռները կապակնքված են եղել։ «Կիլիկիա» գործարանում քննչական գործողություններ են կատարվել 2022 թվականին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։  Տեղեկությունը հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու հատկանիշներով: Գործը նախաքննության փուլում է։
«Կատարվել են քննչական գործողություններ: Տնտեսվարողին թույլատրվել է շարունակել գործունեությունը»,- հայտնում են ՔԿ-ից։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ սեպտեմբերի 26-ին գործարանում քննչական գործողություններ են իրականացվել, իսկ դռները կնքված են եղել: Նշվում էր, որ «Կիլիկիա» գործարանի սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին տուգանել են 450 մլն դրամով։ Գործարարը չէր բացառել, որ իրեն կարող են ձերբակալել։
 Հակոբ Հակոբյանը, թեւ ՀՀԿ-ական է, սակայն, ինչպես մյուս բոլոր գործարարները, ակտիվ քաղաքական գործունեությամբ երբեք աչքի չի ընկել, ընդդիմադիր ելույթներ չի ունեցել:
 Չի բացառվում, որ այս գործողությունները միտված լինեն նրան, որ ստիպեն գործարարին՝ փոխել ընկերության անվանումը, որը  սպառողին կարող է հիշեցնել Արեւմտյան Հայաստանի  Կիլիկիա պատմական նահանգի եւ նրա թագավորության մասին, որը զավթել են թուրքերը: Այժմ այն գտնվում է Թուրքիայի տիրապետության տակ: Չէ՞ որ մեզ արդեն արգելում են հիշել Արարատի մասին, Փաշինյանի ու Ալիեւի գծած քարտեզից դուրս մնացած պատմական Հայաստանի մասին: Այդ հանձնարարութունը, ըստ շրջանառվող լուրերի, պարտաճանաչորեն կատարել են «Գրանդ Տոբակո» ընկերության սեփականատերերը՝ Վարդանյան եղբայրները եւ արտադրությունից հանել են «Արարատ» անունով սիգարետը: