ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՐԱ ԿՈՄՊՐՈՄԱՏ ՈՒՆԻ՞

Այսօր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով լրացուցիչ դատալսումներից հետո լրագրողների հետ ճեպազրույցում  պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ կարծում է, թե  դատարանը կոմպրոմատի կամ ինչ-որ այլ պատճառով վախեցած է այս իշխանությունից։
 Մեր երկրում բացառիկ բան է տեղի ունենում․ առաջին անգամ միջին ծանրության հանցանքի հոդվածով անձին ազատազրկելու միջնորդություն է ներկայացվում, մինչդեռ նույն հոդվածը 5 տարբեր տեսակի պատիժներ է նախատեսում, այդ թվում՝ տուգանք, հանրային աշխատանք, ազատության սահմանափակում և այլն։
Նրա խոսքով՝ այն դեպքում, երբ դատախազը կարող էր այլ պատժատեսակ միջնորդել, միանգամից միջնորդություն է ներկայացվում նրան ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։ «Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդման շարունակություն է, սա կոնկրետ հանձնարարություն է, հակառակ դեպքում բացառվում է, որ որևէ այլ գործով դատախազը գար ու նման միջնորդություն ներկայացներ»,- ասաց Սարգսյանը։
Մյուս պաշտպան Արա Զոհրաբյանի համար ևս ակնհայտ է, որ դատարանը կաշկանդված է։
«Ակնհայտ է, որ այս դատարանն ինչ-որ կոմպրոմատի կամ այլ պատճառով վախեցած է իշխանությունից և անելու է այն, ինչ անում է։ Այսինքն՝ կալանք է սահմանել, երբ Միքայել սրբազանին կալանք չէր հասնում, բնականաբար, իր գործողությունները տանում են նրան, որ նա տանելու է ազատազրկման, որովհետև քաղաքական հաշվարկի տեսակետից Միքայել սրբազանը նրանց խանգարում է»,- ասաց մյուս պաշտպան Արա Զոհրաբյանը:
Անկախ նրանից, թե դատարանն ինչ դատավճիռ կկայացնի, քանի որ արդեն կա մեղադրական վերդիկդ, որով սրբազանին մեղադրյալ են ճանաչել, ինչը հակասում է ճշմարտությանը, պաշտպանական թիմը բողոքարկելու է այն։
Պաշտպանները շեշտեցին՝ դատավճռից հետո պատրաստվում են նաև որոշակի գործընթաց իրականացնել դատավոր Արմինե Մելիքսեթյանի դեմ։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
 Քանի որ Փաշինյանի իշխանությունը սիրում է կոմպրոմատներով «շփվել» թե՛ թիմակիցների, թե՛  ընդդիմադիրների հետ, եւ այդ կոմպրոմատները լինում են ամենատարբեր բնույթի՝ սկսած անձնական կյանքի գաղտնիքներից մինչեւ ֆինանսակական եւ պաշտոնական չարաշահումներ, ապա չի բացառվում, որ այս երիտասարդ կին դատավորը իշխանության ձեռքին պատանդ է հենց կոմպրոմատների  պատճառով: