ՈՒ՞Մ ՀԵՏ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ ԿՁԵՒԱՎՈՐԻ 80-ԱՄՅԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը օրերս Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ դերակատարություն է ունենալու առաջիկա խորհրդարանական ընտրություններում։

«Ստեղծել ժողովրդի համար այլընտրանքային մի քաղաքական ուժ, որը հիմնված կլինի թե՛ ծրագրային պլատֆորմի վրա, և թե՛ կապահովի այնպիսի համախմբում, որ Հայաստանում հնարավոր լինի ծավալել համաժողովրդական շարժում։ Սա գլխավոր նպատակն է»,- թվարկել է ՀԱԿ փոխնախագահը։

Այդ համախմբման հիմքում կլինի՞ ՀԱԿ-ը, կմասնակցի՞ արդյոք ընտրություններին։ Այս հարցին ի պատասխան Զուրաբյանը հիշեցրել է, որ իրենք այն քաղաքական ուժն են, որը Հայաստանին բերել է անկախություն, ղեկավարել 7 տարի, հետագա քաղաքական գործընթացներում էլ լուրջ դերակատարություն է ունեցել։

Զորաբյանը այստեղ, հավանաբար,  «մոռացել է» ասել, թե ինչպիսի անկախություն ստեղծեց իրենց քաղաքական ուժը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահությամբ, ում ձեռամբ ՀՀ անկախ պետականության «հիմքը» ծուռ դրվեց, ինչն էլ դարձավ «խարխուլ» պետության պատճառ: Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած երկրին ԽՍՀՄ-ից, Խորհրդային Հայաստանից «ժառանգություն» էր մնացել հարուստ տնտեսական համակարգ՝ գործարաններ, հսկայական արտադրություններ, որոնք նրա իշխանության օրոք վերածվեցին մետաղի ջարդոնի, վաճառվեցին եւ մտան յուրայինների գրպանները:  Զուրաբյանը մոռացել է, որ Հայաստանում ընտրակեղծարարության հիմքը դրվեց հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, ինչը շարունակցվեց ու կատարելագործվեց նրան հաջորդող նախագահների օրոք:

Հարցազրույցում Զուրաբյանը նշել է, որ այսօրվա քաղաքական դաշտում առայժմ չկա որևէ կուսակցություն կամ թիմ, որը միայն իր նեղ շրջանակներով կարողանա ձևավորել այդպիսի շարժում, որն ունենա հեղափոխական թափ ունեցող ուժը, բայց այն պետք է ստեղծվի։ Զուրաբյանը վստահեցրել է, որ ամեն ինչ իրենց շուրջ չի պտտվելու, քանի որ պատրաստ են գործակցել այլ ուժերի հետ։

Սակայն, դրանից երկու օր անց Լեւոն Զուրաբյանը Աժ ամբիոնից, ելույթ ունենալով իմպիչմենթի լսումների ժամանակ, հայտարարեց, որ ՀԱԿ-ը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում  կազմել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարծ քաղաքական ուժերի հետ:

Այսօրվա դրությամբ խորհրդարանում կան երկու մեծ ընդդիմադիր ուժեր. դրանք երկրորդ եւ երրորդ նախագահների քաղաքական թիմերն են: Եթե ՀԱԿ-ը չի պատրաստվում նրանց հետ քաղաքական շարժում ձեւավորել, ապա ու՞մ հետ է պատրաստվում դա անել: Ի վերջո, պատմությունը դեռ շատ թարմ է եւ, հասարակությունը  չի մոռացել առաջին նախագահի ու իր թիմի մասին. այդ թիմի կարկառուն ներկայացուցիչները կամ նրանց որդիները այսօրվա իշխանության կարկառուն դեմքերն են, ովքեր Արցախը կարմիր ժապավենով թափեթավորած նվիրեցին թշնամուն. Կարապետ Ռուբինյանի որդին՝ Ռուբեն Ռուբինյան, Խաչատուր Սուքիասյան, Գագիկ Ջհանգիրյան, Անդրանիկ Քոչարյան եւ այլն: Ու,  որքան էլ առաջին նախագահը գրագետ ու դիպուկ կերպով նկարագրի Նիկոլ Փաշինյանին ու ներկայացնի նրա բերած ու «բերելիք» աղետները,  Նիկոլը իրենց՝ ՀԱԿ-ի ու Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի ծնունդն է, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի…

Նաիրա Վանյան