ԴԱԳԱՂՆԵՐՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵԿԱԾԸ ԴԱԳԱՂՆԵՐՈՎ ՊԱՀՈՒՄ Է ԱՅՆ …

Հերթական անգամ Հայաստանում արշալույսը խաղաղ չեղավ. երկու չարաբաստիկ լուր մեկ օրում. Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երեւանյան խճուղում կրակոցներից սպանվել է համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը եւ նրա ընկերը՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը, որը ծառայության մեջ չի եղել եւ այդ պահին Վալոդյա Գրիգորյանի հետ է եղել: Երրորդ անձին վիրահատում են:

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել Արցախի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանին, ով Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչն է:

Երկու երիտասարդ կյանք ընդհատվեց մեկ օրում, երկուսն էլ դեռ անելիք ունեին այս կյանքում,  ծրագրեր, նպատակներ, երազանքներ: Զուգադիպություն է, թե ոչ,  երկուսն էլ Հայաստանի այսօրվա իշխանության ընդդիմադիրներ են…Բորիս Ավագյանը գտնվում էր հետախուզման մեջ:

Փարաքարի դեպքի շուրջ արդեն իսկ շրջանառվում են տարբեր վարկածներ․ ոմանք այն կապում են իշխանական շրջանակների հետ, մյուսները՝ վենդետայի կամ Մերձավանում փետրվարի 5-ին տեղի ունեցած արյունալի միջադեպի շարունակության հետ։

Հիշեցնենք, որ գարնանը կայացած ՏԻՄ ընտրություններում Վոլոդյա Գրիգորյանը հաղթել էր ՔՊ-ական թեկնածուին:

Հարկ է նշել, որ վերջին տարիներին Փարաքարը դարձել է փոքրիկ Սիցիլիա, որտեղ տեղի են ունենում սպանություններ, կրակոցներ, պայթյուններ: Դրանց մասին կարելի է երկար գրել ու թվարկել: Սա նշանակում է, որ այս համայնքը պետք է լիներ իրավապահների, ԱԱԾ-ի, ՆԳՆ-ի եւ նրա նախարարուհու, համապատասխան մյուս պաշտոնյաների խոշորացույցի ու հսկողության տակ: Սակայն, այս պաշտոնյաները դրանցով զբաղվելու ո՛չ ժամանակ ունեն, ո՛չ էլ հավես. Նրանք զբաղված են «տեռորիստ» հոգեւորականներ «հայտնաբերելով», իրենց ընդդիմախոսների անձնական կյանքը փորփրելով ու կոմպրոմատներ հավաքելով, ընդդիմադիրների վրա գործեր կարելով:

Փաշինյանի  իշխանությունը Հայաստանին պատերազմ բերել է թե՛ երկրի ներսում,  թե՛ դրսում:  Նա, ով գիշեր-ցերեկ մատ ու մուրճ է թափ տալիս իր ընդդիմախոսների վրա, առավոտյան ֆեյսբուք մտավ ու  մի գրառում արեց, որով դատապարտեց, ցավակցեց, հանձնարարեց՝ բացահայտել: Ու, ինչպես միշտ, չխոստովանեց, որ իր կառավարությունը ձախոխել է բոլոր ոլորտներում, որ ո՛չ ինքն է համապատասխանում երկրի ղեկավարի պաշտոնին, ո՛չ էլ իր նշանակած պատասխանատու պաշտոնյաները:  Նրա ընդդիմադիրները կա՛մ բանտերում են, կա՛մ դատարանում՝ մեղադրյալի աթոոռին, կա՛մ գերեզմանում: Այս անհանդուրժողականության մթնոլորտը ստեղծել է ինքը, ով իշխանության եկավ դագաղներով, բերեց հազարավոր մահեր թե՛ պատերազմում, թե՛ խաղաղ պայմաններում:  Նրա բերած մահերի մասին կարելի է երկար ու երկար գրել, թվարկել: Ու, քանի դեռ նա իշխանության ղեկին է, այդ ցանկը, հավանաբար, կշարունակվի…

Նաիրա Վանյան