Ռուսները «զենքը դրել են» քենիացի մարզիկի ճակատին ու ստիպել գնալ պատերազմ

BBC-ն ռեպորտաժ է պատրաստել Ուկրաինայում գերի ընկած քենիացի մարզիկի մասին, որը, իբր, պարտադրաբար զորակոչվել էր ռուսական բանակ և ուղարկվել ուկրաինական պատերազմում կռվելու։ 

Ուկրաինական բանակի  կողմից անցյալ շաբաթ հրապարակված տեսանյութում 36-ամյա դասալիք Էվանս Կիբեթը, կարծես, աղաչում է, որ իրեն չվերադարձնեն Ռուսաստան։ 

Կիբեթի խոսքով՝ ինքը Ռուսաստան էր գնացել վազքի մրցավազքի մասնակցելու համար։ Մրցավազքից հետո այն հյուրանոցի մենեջերը, որտեղ նա մնում էր, նրան աշխատանք առաջարկեց Ռուսաստանում։ Կիբեթը համաձայնվեց և ստորագրեց մենեջերի կողմից տրված ռուսերենով գրված փաստաթուղթը, և շուտով նրան ռազմական մեքենայով տարան ռազմաճակատ։ 

Կիբեցը տեսանյութում ասում է, որ հյուրանոցի մենեջերը վերցրել է նաև իր հեռախոսն ու անձնագիրը։ 7 ժամյա մեքենայով գնալուց հետո մարզիկը հայտնվել է ռազմական ճամբարում, որտեղ նրան, իբր, սպառնացել են, որ եթե չկռվի, կսպանվի։ 

Կիբեթը պնդում է, որ երբեք մարտերում չի կռվել և իր առաջին առաքելության ժամանակ լքել է իր զենքը՝ երկու օր թափառելով Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Խարկովի մարզի Վովչանսկի մոտակայքում գտնվող անտառում։ Ապա, տեսնելով ուկրաինացի զինվորներին, նա մոտեցել նրանց և հանձնվել է։ 

«Ես ասացի. «Ես Քենիայի քաղաքացի եմ, խնդրում եմ, մի՛ կրակեք ինձ վրա»։  
Բոլորը զենքերը ուղղեցին ինձ վրա, բայց ես ասացի նրանց, որ հանդարտվեն։ Հրամանատարը եկավ և կապեց ձեռքերս։ Ես ասացի. «Ո՛չ, ես անզեն եմ, ոչինչ չեմ ուզում։ Ես այստեղ եմ՝ կյանքս փրկելու համար»։

BBC-ի հետ զրույցում ընտանիքի անդամները նշել են, որ Կիբեթսը ֆինանսական դժվարությունների մեջ է եղել, այդ պատճառով էլ նա տարբեր երկրներում մրցումների է մեկնել։ 

Քենիայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ կառավարությունը հետաքննում է այն տեղեկությունները, որ մի քանի կենիացի քաղաքացիներ մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել են Ռուսաստան և ներկայումս ռազմագերիների կարգավիճակում են պահվում Ուկրաինայում։

Ընդհանուր առմամբ, աֆրիկյան պետությունները այդքան էլ չեն ցանկանում, որ նման ռազմագերիները վերադառնան իրենց երկրներ: