Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին

Երեկ  Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»։ Նա մի շարք միջնորդություններ է ներկայացրել:
Դրանցից մեկով նա խնդրել է, որ իր դեմ նախաձեռնված քրեական գործով հարցաքննեն մի շարք անձանց, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին, Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչներին։
Նրա պաշտպան Աբրահամ Բերմանը հայտարարել է, որ պաշտպանում է միջնորդությունը:
Գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե նշված մարդիկ կապ չունեն քննվող գործի հետ, դատախազները խնդրել են դատարանին միջնորդությունը քննության առարկա չդարձնել։ Դատավորների կոլեգիան հայտարարել է, որ միջնորդությունը չի քննվի, սակայն ապագայում Վարդանյանը կարող է կրկին միջնորդություն ներկայացնել։
Ավելի ուշ Ռուբեն Վարդանյանը ևս մեկ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ հայտարարելով, որ ինքը զինվորական չէ, ուստի համաձայն չէ, որ իր դեմ հարուցված գործը քննվի ռազմական դատարանում, սակայն դատարանը մերժել է ներկայացված միջնորդությունը։