ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ Ռուսաստանին անվանել է «ագրեսոր» Ուկրաինայի հետ պատերազմում։ Ոչ վաղ անցյալում նա ռուս-ուկրաինական պատերազմի բռնկման համար մեղադրում էր Բայդենին, նրա վարչակազմին եւ Զելենսկուն: Նա ասել էր.«Դուք չեք կարող պատերազմ սկսել քեզանից 20 անգամ մեծ մեկի դեմ և հետո հույս ունենալ, որ ինչ-որ մեկը ձեզ հրթիռներ կտա »: Թրամփը նախկինում հրաժարվում էր դատապարտել Մոսկվային՝ ներխուժման համար: Նրա վարչակազմը փետրվարին դեմ է արտահայտվել ՄԱԿ-ի բանաձևին, որը պաշտպանում էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և դատապարտում Ռուսաստանին: Միացյալ Նահանգները նաև դեմ է արտահայտվել «Յոթյակի խմբի» երկրների փետրվարին արված հայտարարությանը, որում Ռուսաստանը «ագրեսոր» էր անվանվում:
Սեպտեմբերի 14-ին լրագրողների հարցերին պատասխանելով՝ Թրամփը անդրադարձավ Ուկրաինայի և Ռուսաստանի կորուստներին և ասաց. «Այս շաբաթ երկու կողմերից էլ զոհվել է 8000 զինվոր։ Ռուսաստանը մի փոքր ավելի շատ է կորցրել, բայց երբ դու ագրեսոր ես, ավելի շատ զոհեր ես կրում»։
Վերջին ամիսներին Թրամփի վերաբերմունքը Կրեմլի նկատմամբ փոխվել է։ Չնայած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ հրադադարի համաձայնությանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է ստորագրել մի համաձայնագիր, որը կստիպի Ուկրաինային տարածքային զիջումներ անել։
ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ մեծ հույսեր է ունեցել, որ կկանխի այս պատերազմը.«Ես կանխել եմ յոթ պատերազմ, և կարծում էի, որ սա ինձ համար հեշտ կլինի, բայց պարզվեց, որ դժվար է»: «Կարծում եմ՝ ամբողջ զրույցը ես պետք է անեմ։ Նրանք [Զելենսկին և Պուտինը] ատում են միմյանց։ Նրանք այնքան են ատում միմյանց, որ չեն կարողանում շնչել», — հավելեց նա։
Նույն օրը Թրամփը նաեւ հայտարարեց, որ նախատեսում է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ։ Սակայն նա դա պայման դրեց եվրոպացի դաշնակիցների կողմից ռուսական նավթի գնումները դադարեցնելու հետ։
