Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի դեմ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց Կարապետյանի պաշտպան Սամվել Ֆերոյանը։
«Փաստաբանական թիմը խորը ուսումնասիրության է ենթարկում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի գործողությունները քրեաիրավական ասպեկտով։ Այս պահին մեր ձեռքի տակ եղած ապացույցները բավարար հիմք են տալիս` գալու այն հիմնավոր եզրահանգման, որ ՀԾԿՀ նախագահի գործողություններն ինքնին կրում են ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, մասնավորաբար խոսքը վերաբերում է պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը»,- ասաց փաստաբանը։
Փաստաբանը նշեց՝ հանցագործության մասին հաղորդումը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածի՝ 441-րդ (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 507-րդ (դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը):
Ֆերոյանը հիշեցրեց, որ արբիտրաժային դատարանի դատական ակտի հրապարակումից հետո իրենք դիմել են ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ Մեսրոպյանն էլ իր հերթին գրություն է հասցեագրել կառավարությանը և պարզաբանում խնդրել։
Ֆերոյանը նաև հիշեցրեց, որ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը չկատարելու համար այս պահին Հայաստանի Հանրապետությունը ծախսում է 3,2 միլիոն դոլար։ Պարզաբանեց՝ խոսքը փաստաբանական թիմի համար ծախսվող գումարների մասին է։
«Ընդ որում` արդեն հիմնավորված է, որ հանձնաժողովի նախագահի կողմից չկատարելը, քանի որ հենց հանձնաժողովի նախագահն է կառավարությանը դիրքորոշման համար դիմել ու ստացել է կառավարությունն իր դիրքորոշմամբ՝ ի դեմս միջազգային հարցերով մասնագետի, պատասխանել է, որ պարտադիր պետք է կատարես արբիտրաժային դատարանի որոշումն ու կասեցնես կառավարչի լիազորությունները»,- ասաց Ֆերոյանը։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
