Ադրբեջանական ու ամերիկյան պաշտոնյաներն արդեն առանց հայկական կողմի են հանդիպում եւ քննարկում Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու հարցերը:
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի օգնական — նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի (ստորին պալատ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայան Մասթի և սենատոր Սթիվ Դեյնսի հետ։
Տեղեկատվության համաձայն, հանդիպումների ժամանակ ընդգծվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև գագաթնաժողովի ռազմավարական նշանակությունը, դրա դրական արդյունքները ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների և տարածաշրջանային խաղաղության համար։
Ալիեւի օգնականը ընդգծել է 907-րդ ուղղման չեղարկման կարևորությունը և հրավիրել է խորհրդարանականներին այցելել Ադրբեջան։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների եռակողմ գագաթնաժողով։ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրել են 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր և նախաստորագրել են «Խաղաղության» և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։
Այս համատեքստում Ադրբեջանը եւ ԱՄՆը ամրապնդում են իրենց ռազմավարական կապերը. Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարները ստորագրեցին Բաքվի և Վաշինգտոնի միջև փոխըմբռնման հուշագիր՝ երկու կողմերի միջև ռազմավարական գործընկերության խարտիա պատրաստելու համար ռազմավարական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, Թրամփը ստորագրեց փաստաթուղթ՝ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժնի կիրառումը կասեցնելու վերաբերյալ։
Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները նշում են, որ երկու կողմերը քննարկել են տարածաշրջանային խաղաղության հարցերը: Եւ դա առանց երրորդ՝ հայկական կողմի: Հաջիեւը կարեւոր հարցեր քննարկելու համար ամերիկայն կողմին հրավիրել է Ադրբեջան:
Նաիրա Վանյան
