Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրներ կան. Պուտին

Չինաստան կատարած այցի ավարտին  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին լրագրողները հարցրել են Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին։   Նա առաջին անգամ խոսեց Ադրբեջանի և իր երկրի միջև անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր լարված հարաբերությունների մասին՝ խոստովանելով, որ հարաբերություններում խնդիրներ կան։ 

«Երկրների միջև հարաբերություններում միշտ լինում են հարցեր, որոնք բխում են ստեղծված իրավիճակից և քաղաքական կոնյունկտուրայից։ Կան խնդիրներ, բայց այսօր մենք ողջունեցինք նախագահ Իլհամ Ալիևին և մի քանի խոսք ասացինք։ Հիմնարար հարաբերությունները և դրանց զարգացման փոխադարձ հետաքրքրությունը ամեն ինչ իր տեղը կդնեն », — ասաց նա։ 

Պուտինը և Ալիևը, որոնք այդ օրը Պեկինում էին գտնվում՝ ավելի քան 20 այլ առաջնորդների հետ ռազմական շքերթը դիտելու, փոխանակվեցին ծափահարություններով։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ առաջնորդների միջև «էական շփում» չի եղել։