ԹՐԱՄՓԻ ԽՆԱՄՈՒՑ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Փարիզում ԱՄՆ դեսպան Չարլզ Քուշներին, այն բանից հետո, երբ նա քննադատել է Ֆրանսիայի իշխանություններին, որոնք, նրա կարծիքով, արդյունավետորեն չեն պայքարում երկրում հակասեմիտիզմի դեմ: Այս մասին ասվում է գերատեսչության Փարիզում տարածված հաղորդագրության մեջ։

«Ֆրանսիան ծանոթացել է ԱՄՆ դեսպան Չարլզ Քուշների հայտարարություններին, որը Հանրապետության նախագահին ուղղված նամակում մտահոգություն է հայտնել Ֆրանսիայում հակասեմիտիզմի դեպքերի աճի վերաբերյալ և նշել է ֆրանսիական իշխանությունների կողմից դրանք ճնշելու համար ձեռնարկված ենթադրյալ անբավարար գործողությունները», — ասել է նախարարությունը: «Ֆրանսիան վճռականորեն մերժում է այդ մեղադրանքները»։

Գերատեսչությունը Քուշների հայտարարությունները անընդունելի է անվանել: «Դրանք հակասում են միջազգային իրավունքի նորմերին, մասնավորապես՝ պետությունների ներքին գործերին չմիջամտելու պարտավորությանը, որը ամրագրված է 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական ​​հարաբերությունների մասին կոնվենցիայով», — ասվում է տեքստում: «Դեսպան Քուշները կկանչվի Արտաքին գործերի նախարարություն օգոստոսի 25-ին, երկուշաբթի օրը»։

Հիշեցնենք, որ Չարլզ Քուշները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկայի սկեսրայրն է։