Երեկ դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունը եւ «Սրբազան պայքարի» գործով անցնող գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով։ դ
Մախսուդյանի պաշտպանը մինչև խափանման միջոցի հրապարակումը ներկայացրեց գնդապետի անցած ճանապարհը, մասնավորապես այն, որ նա 12 տարեկանից հայրենիքի սահմաններն է պաշտպանել, մասնակցել է բոլոր պատերազմներին, հայրենիքի պաշտպանության ժամանակ կորցրել է հորը, եղբորն ու հորեղբորը, ներկայում խնամքին ունի անչափահաս երեխա, ինչպես նաև առողջական խնդիրներ։
«Ծառայել եմ իմ ժողովրդին, հայրենիքին, պետականությանը, գնդապետի կոչումը ստացել եմ խրամատում, ուրիշ գնդապետների պես պատերազմի ժամանակ աթոռի տակ թաքնված չեմ եղել»,- ասաց Մախսուդյանը։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ հանրային մեղադրողների միջնորդության մեջ նշված հիմքեր՝ խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգելու համար, առկա չեն։
«Կարող եմ ընդունել, որ գնդապետ Միհրան Մախսուդյանը կարող է խոչընդոտել միայն մի հարցին՝ ապագայում Տավուշի հողերի նորից հանձնման գործընթացն է, այս միջնորդությունը նման հնարավոր խոչընդոտը վերացնելու մասին է»,- հայտարարեց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Նրա ելույթից հետո դատական նիստին ներկաները ծափահարեցին։
Հիշեցնենք, որ գնդապես Մախսուդյանը Կիրանցի եւ Ոսկեպարի տարածքների հանձնման ժամանակ ակտիվորեն պայքարում էր դրանց դեմ եւ Սրաբազան պայքարի առաջամարտիկներից է:
