ՄԻ՛ ԻՋԵՑՐԵՔ ՆՇՁՈՂԸ

Մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ Սամվել Կարապետյանը իր  60-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 1-ին ընդառաջ գյուղական համայնքների առաջին դասարանցիներին որոշել է նվիրել դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ: Այս տեղեկատվությունը տարբեր մեկնաբանությունների եղիք տվեց: Հատկապես, իշխանականները իրենց ֆեյքերի ֆաբրիկայով, սկսեցին ծաղրել, թե Կարապետյանը նախընտրական կաշառք է տալիս միամիտ ու աղքատ գյուղացիներին:

 Այն, որ Սամվել Կարապետյանը ազգային մեծ բարերար է, հայտնի է շատերին: Նրա հիմնադրած  «Տաշիր» բարեգործական կազմակերպությունը տասնյակ տարիների ընթացքում մի քանի տասնյակ կրթական ծրագրեր է իրականացրել: Այդ ծրագրերի շրջանակներում Հայաստանի տարբեր բնակավայրերում կառուցվել են մանկապարտեզներ, դպրոցներ, հազարավոր ուսանողների տրամադրվել են կրթաթոշակներ:

Սամվել Կարապետյանի անձնական միջոցներով կառուցվել են տարբեր հիվադանոցներ Արցախում եւ Հայաստանի տարբեր մարզերում: Կարապետյանի  բարեգործությունների մասին երկար կարելի է թվարկել: Այս ամենը նա արել է առանց թմբկահարելու, առանց բարեգործական-գովազդային հոլովակներով հոգնեցնելու: Մենք ունենք օլիգարխ-«բարերար», որ մեկ-մեկ- էլ «հավեսի» հետ զբաղվում է քաղաքականությամբ եւ ընտրությունից-ընտրություն «բարեգործ» է դառնում ու ընտրողներին բաժանում մի «տոպարկ» ոսպ ու բրինձ: Բայց դրա դիմաց անպայման շնորհակալություն է պահանջվում եւ այդ շնորհակալությունը մի քանի ամիս անընդմեջ  տեսահոլովակի տեսքով մատուցվում է իր անձնական հեռուստաընկերույթամբ:
 Սամվել Կարապետյանը զերծ է նման  ցուցամոլությունից. Նա ինչ անում է, անում է լուռ, առանց գովազդելու:

Բայց, հանկարծ, այս շրջանւմ, երբ իշխանականները կախվում են իրենց ընդդիմադիրների ամեն մի խոսքից ու սկսում թիրախավորել,  քարկոծել, «Տաշիր» հիմնադրամից ինչ-որ մեկը որոշում է, որ գյուղական բնակավայրերի երեխաներին տրվող պայուսակների ու գրենական պիտույքների մասին պետք է բարձրաձայնվի: 30 տարիների ընթացքում ձևավորված ավանդույթ է, Կարապետյանները անցած 30 տարիների ընթացքում դպրոցական պայուսակներ և անհրաժեշտ գրենական պիտույքներ են նվիրել ավելի քան 70.000 առաջին դասարանցու: Նույնիսկ նվեր ստացող առաջին դասարանցիների ծնողներից շատերը ժամանակին Կարապետյաններից այդպիսի նվերներ են ստացել:

 Հիմա Սամվել Կարապետյանը կամա, թե ակամա դարձել է քաղաքական մեծ ֆիգուր, գործոն՝ մեծ հավակնություններով: Նրա շուրջ կա  արտաքին եւ ներքին քաղաքական լուրջ կոնսոլիդացիա: Կարապետյանը  հետքրքրում է նաեւ աշխարհաքաղաքական կենտրոններին: Ու այս իրավիճակում բարձրաձայնել, որ նրա ղեկավարած հիմնադրամը դպրոցականներին պայուսակներ է նվիրելու, նսեմացնում է նրա թե՛ քաղաքական դիրքը, թե՛ կատարած բարեգործությւնների ու ծրագրերի կարեւորությունը, թե՛ կերպարը: Գովզադ կա, որ հակագովազդի ազդեցություն է թողնում: Մի՛ իջեցրեք Սամվել Կարապետյանի հեղինակության նշաձողը…

 Նաիրա Վանյան