Դիվանագիտական կարմիր գորգից հիասթափություններն ու սպասելիքները

Դիվանագիտության մեջ, առհասարակ, բանակցություններից հետո շարքային քաղաքացիներին, անգամ քաղաքական վերլուծաբաններին դժվար է իմանալ, թե՝ իրականում ինչ են բանակցել, ինչ են պայմանավորվել բանակցող կողմերը, քանի որ բանակցությունները հիմնականում լինում են փակ,  դրանց ներկա են լինում հատուկենտ մարդիկ, որոնք էլ վերջում հանրայնացնում են այն, ինչի մասին խոսելը համաձայնեցված է եղել բանակցող կողմերի միջեւ: Հետեւաբար, թե իրականում  ինչ են խոսել ու ինչ են պայմանավորվել Թրամփն ու Պուտինը փակ դռների ետում, դժվար է իմանալ: Սակայն, մի բան հստակ է, որ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հալվել է դիվանագիտական «սառույցը». երկու երկրների միջեւ «փռվել է» դիվանագիտական «կարմիր գորգ», որը կարող է աշխարհաքաղաքական տարբեր ձեւափոխումների սկիզբ հանդիսանալ: Գաղտնիք չէ, որ այս երկու երկրների առաջնորդողներն են որոշում աշխարհի հարցերը, առանց նրանց համաձայնության աշխարհի որեւէ անկյունում որեւէ քաղաքական իրադարձություն, պատերազմն չի լինում, խաղաղություն չի կնքվում:

Գերտերությունների ղեկավարների հանդիպմանը ուշադիր հետեւող վերլուծաբաններին անգամ ժեստերի լեզուն հուշում է, որ երկու առաջնորդներն էլ հակված են ընդհանուր հայտարարի գալ, իհարկե, երկուսն էլ իրենց շահերի առաջնահերթությունների վրա հենվելով: Թրամփի ու Պուտինի ինքնաթիռները հանդիպման վայրում վայրէջք կատարեցին գրեթե միաժամանկ: Մի քանի վայրկյան շուտ հանդիպման վայր հասած Թրամփը Պուտինին դիմավորեց ծափերով: Պուտինն էլ շտապելով էր քայլում՝ Թրամփին շատ չսպասեցնելու համար:

Պուտինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած իր խոսքում գովեց-գովաբանեց Թրամփին, կրկնելով նրա խոսքերը, ասելով, որ, եթե  Թրամփը 2022-ին լիներ ԱՄՆ նախագահ, Ուկրաինայի հետ պատերազմը չէր սկսվի: Պուտինը պատերազմ սկսելու մեղքի սլաքն ուղղեց ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի դեմ: «Սա Բայդենի պատերազմն է». ասաց ՌԴ նախագահը: Նա ցավով հիշեց, որ ուկրաինացիները իրենց՝ ռուսների եղբայրական ժողովուրդ են, նույն արմատներն ունեն:

Երկու ժամ 45 րոպե տեւած փակ հանդիպման ժամանակ Թրամփն ու Պուտինը ոչ մի փաստաթուղթ չստորագրեցին, սակայն, եկել են որոշակի պայմանավորվածությունների. Թրամը կազնգի ՆԱՏՕ անդամ երկրների ղեկավարներին, ԵՄ պետությունների ղեկավարներին, Զելենսկուն:

Պուտինը Թրամփին հրավիրեց ՌԴ՝ հաջորդ հանդիպումն անցկացնելու համար:

Այս հանդիպմանը ցավով էին հետեւում ու արձագանգում ԵՄ երկերներից. լրատվամիջոցները եւ քաղաքական վերլուծաբաններն ուզում են ամեն կերպ ձախողած համարել այս հանդիպումը՝ քննարկելով յուրաքանչյուր մանրուք, թեեւ դիվանագիտության մեջ «մանրուքներ» չեն լինում: Անգամ Պուտինը փոխկապի փոփոխությունը՝ ինքնաթիռից  իջնելու ժամանակ եւ պրոտոկոլային նկարահանումների ժամանակ, դարձել է քննարկման առարկա: Հիշեցնենք, որ ՌԴ-ի ցանկությամբ Զելենսկին ներկա չէր հանդիպմանը. ՌԴ-ն նրան համարում է Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահ:

Ի տարբերության արեւմտյան լրատվամիջոցների, ռուսական լրատվամիջոցներն ավելի լավատեսական կանախատեսումներով ռեպորտաժներ էին տալիս, այս հանդիպումը ներկայացնելով ռուսական կողմի ուժի ու հաղթանակի դիրքերից:

Թե՝ ինչ արդյունք կտա ռուս-ամերիկյան դիվանագիտական կարմիր գորգը, կտա՞ արդյունք , թե ոչ, կտեսնենք առաջիկայում: Դեռեւս դժվար է կանխատեսել: Որքան էլ Դոնալդ Թրամփը ցանկանում է աշխարհի որեւէ անկյունում խաղություն հաստատել,  դա իր մոտ այնքան էլ լավ չի ստացվում, այլ տալիս է հակառակ արդյունքը: Օրինակ՝ հայ- ադրբեջանական «խաղաղության» հաստատաումը: Իսկ ուկրաինական պատերազմը նա խոստացել էր կանգնեցնել 24 ժամում, ինչը չստացվեց, քանի որ այդ պատերազմի կրակի վրա անըդնհատ յուղ է լցնում հավաքական Եվրոպան: Պատերազմի դաշտում հաղթանակներ արձանագրող ՌԴ-ն էլ չի ուզում հրաժարվել իր հաղթանակներից, թեւե դրա արդյունքում հազարավոր զոհեր են լինում:

Իսկ երկու առաջնորդները դեռ կհանդիպեն, հավանաբար, Մոսկվայում…

Նաիրա Վանյան