Փաշինյանը շահում է ՍԴ-ի սիրտն ու գրպանը՝ «կարեւոր» դավադրություններից առաջ

Փաշինյանը «խաղաղության պայմանագիր» կոչվածի  ստորագրումից առաջ  որոշել է շահել այդ պայմանագիրը հաստատող մարմնի՝ ՍԴ նախագահի ու անդամների սիրտն ու գրպանը՝ բարձրացնելով նրանց աշխատավարձերը։  Դրա համար տարեկան հավելյալ մոտ 138 մլն  դրամ՝ 300 հազար դոլար գումար լրացուցիչ կհատկացվի, որով կբարձրացվի Սահմանադրական դատարանի դատավորների եւ նախագահի առանց այն էլ բարձր աշխատավարձերը։ ՍԴ նախագահն այժմ 1 մլն 331 հազար դրամ է ստանում, առաջարկվում է 100 հազարով բարձրացնել։ ՍԴ փոխնախագահը բարձրացումից հետո կստանա այնքան, որքան հիմա՝ նախագահը: Դատավորները ներկայիս մոտ 998 հազար դրամի փոխարեն կստանան 1 մլն 250 հազար։

Օրենքով սահմանվելու է նաեւ ՍԴ դատավորի աշխատավարձի 100 տոկոսի չափով հավելավճար։ Ինչո՞ւ է Փաշինյանը որոշել ՍԴ-ին «կաշառել»։ Հիմնավորումն այսպիսին է. «ՍԴ դատավորների վարձատրությունը՝ իր կառուցվածքով եւ չափերով, համարժեք չէ վերջիններիս բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին եւ գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին։ Հաշվի առնելով ՍԴ դատավորների սահմանադրական առաքելությունը, պատասխանատվության բարձր մակարդակը եւ լիազորությունների տարբերակված շրջանակը, անհրաժեշտ է ապահովել դրան համահունչ հիմնական աշխատավարձի, ինչպես նաեւ հավելավճարի տարբերակված մեխանիզմ»։

ՍԴ-ն «կապիտուլիացիայի» ենթարկելուց, նրա նախագահին ու անդամների կազմը իր «ճաշակով» նշանակելուց  հետո Փաշինյանը արդեն մի քանի տարի անարգել խախտում է երկրի մայր օրենքը,  իսկ նրա սրիտի ՍԴ-ն դրան ոչ մի կերպ չի արձագանքում: Երբ ՀՀ Սահմանադրությունը պարբերաբար բզկտվում ու ոտնահարվում է, ՍԴ-ն դրան չի արձագանքում: Այս դեպքում տրամաբանական հարցեր են առաջանում, թե ինչի՞ համար են նրանք ստանում այդ աշխատավարձերը, ի՞նչ լավ աշխատանքի դիմաց է բարձրացվում նրանց՝ առանց այն էլ իրենց աշխատանքին անհամահանունչ բարձր աշխատավարձը: Պատասխանը մեկն է՝ Փաշինյանը նրանց կաշառում է կարեւոր դավադրություններից առաջ:

Նաիրա Վանյան