Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո Երևանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 21-ին և 22-ին՝ ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:

Կինոյի մեծ ու ինքնատիպ վարպետին նվիրված երեկոն յուրօրինակ է իր ձևով և բովանդակությամբ․ կազմակերպվելու է փերֆորմանս՝ լրացված Փարաջանովի կյանքի հուշային պատառիկներով, մտքերով ու ձայնով։

Ազատության հրապարակում, օպերային թատրոնի նախասրահում և կտուրի հատվածում նախատեսվում են արտ-ինստալյացիաներ, իսկ բուն ներկայացումը կցուցադրվի թատրոնի բեմում:

Հոբելյանական երեկոյի կազմակերպիչներն են Հայաստանի պետական ֆիլհարմոնիան և Փոքր թատրոնը։

Երեկոյի ռեժիսորն է Վահան Բադալյանը, տեսաշարը՝ Ալբերտ Մովսիսյանի, Լուսինե Չերգեշթյանի, երաժշտությունը՝ Սերգեյ Ումրոյանի:

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանն ընդգրկված է ՀՀ կառավարության հոբելյանական միջոցառումների ծրագրում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում: