Փիթսբուրգի համալսարանին առընթեր բժշկական դպրոցի և Լա Հոյիի իմունոլոգիայի ինստիտուտի նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Nature Microbiology բժշկագիտական հանդեսում, բացահայտում է ցիտոմեգալովիրուսի (Cytomegalovirus, CMV) դեմ թերապիա մշակելու հնարավորությունը։
Հետազոտողները հայտնաբերել են նախկինում թերագնահատված մեխանիզմ, որի միջոցով CMV-ն՝ հերպեսի վիրուսը, որը վարակում է աշխարհի չափահասների մեծ մասին, ներխուժում է արյան անոթները պատող բջիջներ և ազդում անոթային հիվանդությունների զարգացմանը։
Հերպեսի բոլոր վիրուսներին բնորոշ մոլեկուլային մեխանիզմն օգտագործելուց զատ, ցիտոմեգալովիրուսն օգտագործում է մեկ այլ մոլեկուլային «բանալի», որը վիրուսին հնարավորություն է տալիս ներթափանցել հետնամուտքով և շրջանցել օրգանիզմի բնական իմունային պաշտպանությունը։ Այդ հայտնագործությունը կարող է բացատրել, թե ինչու են ցիտոմեգալովիրուսի դեմ կանխարգելիչ բուժումներ մշակելու ջանքերը մինչ օրս ձախողվել։
Հետազոտությունը միաժամանակ ընդգծում է ապագա հակավիրուսային դեղամիջոցների մշակման նոր պոտենցիալ ուղի և ենթադրում է, որ հերպեսի ընտանիքի այլ վիրուսներ, մասնավորապես՝ Էպշտեյն-Բարի վիրուսը և ջրծաղիկը, կարող են օգտագործել նմանատիպ մոլեկուլային կառուցվածքներ՝ մեկ վարակված բջջից մյուսը տարածվելու համար՝ խուսափելով իմունային համակարգի կողմից հայտնաբերումից։
