Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը առաջնորդարանում չէ. նա Էջմիածնում է

Այս պահին ոստիկանները հսկում են  Շիրակի թեմի առաջնորդարանի մուտքը։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ներսում չէ, նա այս պահին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է, մասնակցում է Քահանայից ժողովին։

Սրբազանի պաշտպանին թույլ չեն տվել ներս մտնել առաջնորդարան, որտեղ այս պահին խուզարկություն է կատարվում։ Իրավապահներն ասել են, որ նա կկարողանա մուտք գործել խուզարկությունից հետո։ Ոստիկանները թույլ չեն տալիս անգամ հոգևորականներին մտնել առաջնորդարան։

Նշենք, որ առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք  ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան: Այս մասին հայտնել էր փաստաբան Միհրան Պողոսյանը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,–հայտնել էին գլխավոր դատախազությունից։