Կարապետյանի կալանավորումը վարչապետի հերթական հակաեկեղեցական գործողությունն է. Մայր աթոռ

Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է։ Այս մասին ասվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տաշիր» ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2 ամսով։ Նրա նկատմամբ հետապնդում էր սկսվել այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն էր հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, ակնհայտորեն տեղի տալով իշխանության բացահայտ ճնշումներին, որոշել է կալանք կիրառել ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Նրանք նպատակ ունեն վախի ու սպառնալիքի կիրառմամբ Հայոց Եկեղեցուն զրկել հավատավոր իր հոտի աջակցությունից»,– ասված է հաղորդագրությունում։
Մայր աթոռը սա համարում է հարված ինչպես Հայաստանի Հանրապետության վարկին ու հեղինակությանը, այնպես էլ Հայոց եկեղեցուն։
Նշվել է նաև, որ եկեղեցին իր զորակցությունն է հայտնում Սամվել Կարապետյանին և Կարապետյան ընտանիքին:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատել էր եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարել էր` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Հունիսի 9–ին Փաշինյանը հերթական գրառումն  էր արել` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ էր արել համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Իսկ հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։
Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ օդանավակայանում «Վեհափառ, վեհափառ» վանկարկումներով դիմավորել էին Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոսին՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան ու Հայ առաքելական եկեղեցուն։