Վահանաձև գեղձի դեղամիջոցներ ընդունելուց առաջ սուրճ խմելը կարող է զգալիորեն նվազեցնել դրանց արդյունավետությունը։ Հայտնագործության մասին գրել է Daily Mail-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Քինգսթոնի համալսարանի դեղագործ Դիպա Կամդային։
Ըստ մասնագետի՝ լևոտիրոկսինի նման դեղամիջոցներ ընդունելուց անմիջապես առաջ խմած սուրճը կարող է մինչև 50%-ով նվազեցնել դրանց յուրացումը օրգանիզմի կողմից։ Լևոտիրոկսինը վահանաձև գեղձը բավարար հորմոններ չարտադրելու պարագայում՝ հիպոթիրեոզի բուժման համար օգտագործվող սինթետիկ հորմոն է:
Կոֆեինն արագացնում է աղիքային պերիստալտիկան՝ մարսողական համակարգով պարունակության շարժը։ Դա կրճատում է դեղամիջոցի ստամոքսում ներծծման ժամանակը։ Սուրճը նպաստում է նաև այլ նյութերի հետ լևոտիրոկսինի կապմանը՝ նվազեցնելով կենսամատչելիությունը, այսինքն՝ արյան մեջ մտնող ակտիվ նյութի քանակը։
Այդ փոխազդեցությունը հատկապես տարածված է լևոտիրոկսինի դեղահաբերի դեպքում, մինչդեռ հեղուկ ձևերն նվազ զգայուն են։
Նման դեղամիջոցների յուրացման վատթարացումը կարող է հանգեցնել հիպոթիրեոզի ախտանիշները՝ հոգնածությունը, փորկապությունը, քաշի ավելացումը, նույնիսկ եթե պահպանվում են դեղամիջոցի ընդունման բոլոր հանձնարարականները: Դոկտոր Կամդան խորհուրդ է տալիս դեղորայքի ընդունման և սուրճ խմելու կամ ուտելու միջև սպասել 30-60 րոպե։
Նմանատիպ խորհուրդը վերաբերում է նաև այլ դեղամիջոցներին, մասնավորապես՝ օստեոպորոզի բուժման համար կիրառվող բիսֆոսֆոնատներին:
Մասնագետը հավելել է, որ կոֆեինը կարող է ուժեղացնել որոշ ADHD դեղամիջոցների, մասնավորապես՝ ամֆետամինների, ինչպես նաև ասթմայի դեղամիջոցների, օրինակ՝ կոֆեինին նման կառուցվածք ունեցող թեոֆիլինի կողմնակի ազդեցությունները: Դրանց համադրությունը կարող է սրտի հաճախության բարձրացում և քնի խանգարումներ առաջացնել։
Սուրճը կարող է ազդել նաև SSRI-ների (ընտրողական սերոտոնինի հետզավթման ինհիբիտոր) հակադեպրեսանտների, դրանց թվում՝ սերտրալինի և ցիտալոպրամի յուրացման վրա:
